Սահմանազատման հաջորդ տարածքը պետք է լինի Ջերմուկը, Ադրբեջանը պետք է վերադառնա իր սահմաններ. քարտեզագետ | Region

Սահմանազատման հաջորդ տարածքը պետք է լինի Ջերմուկը, Ադրբեջանը պետք է վերադառնա իր սահմաններ. քարտեզագետ

Հոկտեմբեր 23,2024 11:30

Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց, որ Սահմանադրական դատարանի հավանությանն արժանացած, Խորհրդարանում քննարկված հայ-ադրբեջանական սահմազատման կանոնակարգում խնդիր չի տեսնում, ասում է՝ ամեն ինչ հիմնված է Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմանների վրա, բայց այստեղ սրանից բխող այլ հարցեր են առաջանում.

«Օրինակ, Կապանից մինչև Դավիթ Բեկ և Որոտանի ոլորաններ սահմանը հենց ճանապարհն է, այսինքն, եթե դու մեքենա ես վարում այդ ճանապարհին, սպիտակ գիծը հատելու դեպքում  մեքենայի աջ կողմի անիվները կլինեն մի երկրում, ձախ կողմինը՝ մյուս երկրում: Սա թնջուկ է, որը հետագայում կարող է խնդիր առաջացնել և պետք է լուծում գտնել»:

Քարտեզագետը մտավախություն ունի, որ առ այս պահը կանոնակարգի վերաբերյալ որևէ գործընթաց չսկսած Բաքուն կարող է ինչ-որ փուլում կասեցնել գործընթացը:

«Առայժմ ուժն իր ձեռքն է, խոսում է ուժի դիրքից և իրեն հակառակվող կամ իր խոստումները կատարել պարտադրող չկա: Շուրջ 240 քառ. կմ հողատարածք և բարձունքներ է գրավել Ադրբեջանը Հայաստանում և դուրս չի եկել մինչև այսօր: Կարծում եմ, որ հաջորդ տարածքը, որից պետք է սկսել խոսել, Ջերմուկն է, Ադրբեջանը պետք է դուրս գա և վերադառնա իր սահմաններ, եթե չանի, նշանակում է՝ չի ուզում ո՛չ սահմանազատում ու սահմանագծում, ո՛չ խաղաղություն, որովհետև իրեն ձեռնտու չէ»,-նշեց Գալչյանը:

Նորություններ