Դոնալդ Թրամփ․« Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իրեն պատկանող ցանցում քննադատել է՝ է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսին։ Թրամփը գրել է․« Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում պաշտպանված չեն լինի, եթե Հարիսը դառնա ԱՄՆ նախագահ։ Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Նշենք, որ Քամալա Հարիսը Հայաստանի Անկախության օրվա առիթով ամերիկահայ համայնքին հղած շնորհավորական ուղերձում, ասել էր՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից»։
Հարիսը նշել է նաև, որ հավատարիմ է Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հաշվի կառնի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում Թրամփի հայտարարության մասին գրել է․«Արցախ անունը ԱՄՆ-ում քիչ են կիրառում: Այդ կիրառողների շարքում են հանրապետական նախագահի նախկին թեկնածուներ Ռամասվամին, Քենեդին, նախկինում դեմոկրատ նախագահի թեկնածու այժմ հանրապետական Թուլսի Գեբարդը: Այսօր նրանք բոլորը Թրամփի թիմից են և չեմ բացառում, որ նման ձևակերպումների վրա նրանք կարող էին ազդեցություն ունենալ»: