Երբ հեղափոխությունը «խժռում է իր զավակներին» | Region

Երբ հեղափոխությունը «խժռում է իր զավակներին»

Հունվար 09,2019 12:41

Մինչդեռ Հայաստանի հասարակության զգալի հատվածը լողում է հետհեղափոխական էյֆորիայի մեջ և դեռ դուրս չի եկել ամանորյա եռուզեռից, Հայաստանի ու հայության շուրջ գործընթացներ են տեղի ունենում, որոնք անհրաժեշտ ուշադրության չեն արժանանում, կամ այդ իրադարձությունների մասին տեղեկություններն այնպես են մատուցվում, որ մնացած տեղեկատվական հոսքերը կլանեն այդ՝ առանցքային նշանակություն ունեցող տեղեկությունները, և մարդիկ շարունակեն իրենց անհոգ ապրելակերպը:

Այդպես ստացվեց, երբ Հայաստանը կորցրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, որն իրականում, թեև այն փորձում են ներկայացնել որպես «դատարկ», լուրջ լիազորությունների և հնարավորությունների աղբյուր էր: Հետո անլուրջ մթնոլորտ փորձեցին ստեղծել Ադրբեջանի հայտարարության շուրջ, երբ Էլմար Մամեդյարովը ոգևորված հայտարարեց, որ Հայաստանի հետ վերջապես «լեզու գտավ», և 2019 թվականին հնարավոր է՝ արցախյան հիմնախնդիրը լուծում ստանա: Հետո «ապատեղեկատվության» սոուսի տակ փորձեցին ներկայացնել գազի գնի հնարավոր թանկացման մասին տեղեկությունները, և միայն ամանորյա նախաշեմին պարզ դարձավ, որ դա բոլորովին էլ ապատեղեկատվություն չէ, այլ դաժան իրականություն է: Իսկ վերջերս էլ պարզ դարձավ, որ Ղազախստանում, որտեղ բնակվում է մոտ 25 հազար հայ, հակահայկական տրամադրություններ են (այս թեմայի շուրջ, ի դեպ, Հայաստանում արդեն հնչում են «հայերի տեղը Հայաստանում է, ոչ մեկը նրանց չի խնդրել գնան այնտեղ ապրեն, մենք հո դրա համար չպիտի տուժենք» և նմանատիպ տեսակետներ, որոնք երկրից դուրս մեծ հայ համայնք ունեցող հասարակության համար բավականին անհեռատես են և անգամ վտանգավոր, քանի որ այդ՝ պատմության հեգնանքի պատճառով ձևավորված համայնքը ոչ միայն լուրջ ֆինանսական պոտենցիալ է հենց Հայաստանի համար, իսկ Հայաստանն ինքը դեռ չի կարող համապատասխան պայմաններ ստեղծել, որ մեր հայրենադարձ հայրենակիցները կարողանան մարդավայել պայմաններում ապրել սեփական երկրում, այլ նաև այն պատճառով, որ այսօրվա գլոբալիզացվող, ինտեգրման հոսքերով տարված աշխարհում նման հայտարարությունները պարզապես չեն աշխատում): Դե, իսկ մե՞նք: Մենք էլ «ինքնիշխանություն» բառը (անգամ ոչ հասկացությունը) դարձրինք ինքնանպատակ՝ աշխատելով չնկատել այն շիլան, որը եփվում է Հայաստանի շուրջ և երկրի համար կարող է «ֆուա-գրա»-ի գին ունենալ, խորհուրդ ենք տալիս աշխարհին հարմարվել հայաստանյան նոր իրողության հետ: Եվ նեղանում, որ աշխարհն էլ չի հարմարվում ու իր տեսակետն ունի:

Չի հարմարվում, քանի որ հեղափոխությունը որպես երևույթ բացասական է դիտարկվում բոլոր, այդ թվում նաև առաջատար ժողովրդավար երկրների ղեկավարների կողմից: Բանն այն է, որ հեղափոխությամբ իշխանության փոփոխումը արժեզրկում է ընտրությունների ընթացակարգը և ինստիտուտն առհասարակ: Փողոցի միջոցով իշխանափոխությունն առավել բացասական է գնահատվում հետխորհրդային երկրների մեծ մասում, որտեղ ֆորմալ առումով հռչակված է ժողովրդավարական ռեժիմ, սակայն փաստացի իշխանության եկած քաղաքական էլիտան դրսևորում է ավտորիտար կառավարման պահվածք, իսկ հասարակության մեջ բավականին մեծ կշիռ ունի բողոքական զանգվածը: Բացի այդ, նշված երկրների ղեկավարները բավականին լուրջ մակարդակի հասցրած անձնական հարաբերություններ ունեն: Բնականաբար, երբ այդ փակ «ակումբում» հայտնվում է մեկը, ով, պատկերավոր ասած, եկել է «դրսից» ու փորձում է խաղի իր կանոնները թելադրել, դա չի կարող դիմադրություն չառաջացնել: Եվ տվյալ պարագայում հարց է առաջանում. իշխանափոխություն ապրած երկիրն ունի՞ կամ արդեն ստեղծե՞լ է բավականաչափ ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան «խաղի սեփական կանոնները» թելադրել հեղափոխությունից ընդամենը հաշված ամիսներ անց, կարո՞ղ է ազատ ընտրություն կատարել այդ կամ այն պետության կամ պետությունների դաշինքի հետ համագործակցության մոդելի առումով: Իհարկե, հայրենասիրական պաթոսը դրդում է ասել՝ «այո՛, մենք հպարտ երկրի հպարտ քաղաքացիներ ենք, մենք ենք մեր երկրի և ճակատագրի տերը և կանենք այն, ինչ ուզում ենք»: Իսկ եթե ռացիոնալ մտածե՞նք:

Խնդիրը նրանում է, որ հեղափոխության ալիքի վրա եկած իշխանությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ամբողջովին տեղավորվում է ցուցադրական քաղաքական ոճի առաջնորդության տեսության մեջ: Նման ոճին բնորոշ է սերն արտաքին էֆեկտների և ցուցամոլության, բոլորին հաճոյանալու հանդեպ: Նման առաջնորդի գործողությունները պայմանավորված են հասարակության սերն իր հանդեպ պահպանելու ձգտումով: Նշված ոճի պարագայում ծրագրված քաղաքական գծի իրականացումը դառնում է անհնարին քաղաքական վարքագծի մոտիվացիայի փոփոխման պատճառով: Կողմնորոշումը դեպի խթաններ ստեղծելը, որի հիմքում ընկած է ամեն գնով զանգվածների կողմից հավանությանն արժանանալը, քաղաքական ճանաչում ձեռք բերելը ստիպում են առաջնորդին զոհաբերել ոչ միայն հասարակության և պետության շահերն, այլ նաև սեփական քաղաքական համոզմունքները: Ցուցադրական ոճի առաջնորդները շատ արդյունավետ են գործում շրջադարձային պահերին, երբ հասարակության մեջ բարձր է դժգոհության և հուսահատության մակարդակը, և երբ անհրաժեշտ է իրենց հետևից տանել զանգվածներին, սակայն նրանց էներգիան, այսպես ասած, չի հերիքում երկարատև, ռազմավարական ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:

Դա է պատճառը, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները դեռ համակարգային լուծումներ չեն ստանում, իսկ ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում դեռ չկա հստակ տեսլական. ուր ենք գնում և ինչ անում, ձեռնարկված քայլերն էլ բավականին իրավիճակային, իմպուլսիվ բնույթ են կրում:

Սակայն պետք չէ մոռանալ, որ արդի աշխարհում, որտեղ գրեթե բոլոր պետություններն իրար հետ կապված են տարբեր տեսակի ինտեգրացիոն կապերով, արտաքին քաղաքականության մեջ ցանկացած քայլ կամ իրադարձություն ուղիղ ազդեցություն է թողնում երկրի ներքին կյանքի վրա: Այս պնդումն առավել արդիական է Հայաստանի համար, որը, ինչքան էլ ասենք, որ անկախ, հպարտ քաղաքացիների պետություն է, համեմատաբար սահմանափակ ռեսուրսներ ունի (այս համատեքստում խոսքը ոչ միայն նյութական ռեսուրսների մասին է) և ստիպված է (անկախ այն հանգամանքից՝ ուզում ենք մենք դա, թե ոչ, կամ ինչ նախընտրություններ ունենք) հաշվի առնել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացները: Եվ պետք է փաստել նաև, որ իշխանության ներքին լեգիտիմությունը չի կարող լիարժեք, ինքնաբավ ռեսուրս հանդիսանալ երկրի կառավարումն արդյունավետ իրականացնելու համար՝ առանց հաշվի առնելու այլ երկրների դերերն ու դիրքորոշումները:

Իսկ սահմանափակ ռեսուրսների պարագայում «բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ դնելը» և միակողմանի արտաքին քաղաքականություն վարելն անհեռատեսական է ու հղի փակուղու մեջ հայտնվելու վտանգով: Խոսքը տվյալ պարագայում, բնականաբար, Հայաստանի արտաքին քաղաքականության մասին է: Դա, իհարկե, բոլորովին չի նշանակում, որ պետք չէ բարձրացնել մեր գործընկերներ համարվող պետությունների հետ հարաբերություններում առաջացած խնդիրները, բայց դա պետք է անել ոչ թե իրար հետևից կամուրջներ այրելով, այլ բանակցային սեղանի շուրջ, և ոչ թե իրավիճակային ոճով, այլ մշակված ծրագրի հիման վրա: Իսկ հրապարակված գաղտնալսված հեռախոսային զրույցները, ինչպես նաև որոշ երկրների ղեկավարների հայտարարությունները իմպուլսիվության ապացույցներ են, ինչը Հայաստանի համար հղի է անկանխատեսելի բացասական հետևանքներով:

«Հեղափոխությունը խժռում է իր զավակներին»: Սա դասական, աշխատող ասացվածք է, որի մասին մոռանալը շատերի համար թանկ գին ունեցավ: Հետհեղափոխական էյֆորիան կարող է տևել մի քանի ամիս, մի քանի տարի: Բայց հետո կուտակված խնդիրները բացում են մարդկանց աչքերը, և նրանք մնում են իրենց և պետության խնդիրների հետ դեմ առ դեմ: Բայց այդ ժամանակ արդեն ուշ է լինելու որևէ բան ձեռնարկել, քանի որ գտնվելու են նրանք, ովքեր արդեն ձեռնարկել են:

Նինա Մարգարյան

Նորություններ