Ջոնի Մելիքյան. Երևանը կաշխատի Վրաստանի ցանկացած կառավարության հետ, որը վստահության քվե կստանա Վրաստանի քաղաքացիներից | Region

Ջոնի Մելիքյան. Երևանը կաշխատի Վրաստանի ցանկացած կառավարության հետ, որը վստահության քվե կստանա Վրաստանի քաղաքացիներից

Հոկտեմբեր 25,2024 21:30

Վաղը՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Վրաց ժողովուրդը քվեարկելու է քաղաքական հակառակորդների կատաղի պայքարի ֆոնին։ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ կանցկացվեն համամասնական ընտրակարգով, իսկ օրենսդիր մարմնում մանդատները (ընդհանուր առմամբ 150) կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունների միջև։

Ընտրություններին մասնակցելու է 19 կուսակցություն, սակայն իշխանության համար պայքարը ընթանում է հիմնականում մի քանի քաղաքական ուժերի և կոալիցիաների միջև: Այդ ուժերն են՝միլիարդատեր գործարար Բիձինա Իվանիշվիլիի հիմնած «Վրացական երազանք»-ը, «Միասնություն-Ազգային շարժում»-ը, որը գլխավորում են երկու ընդդիմադիր կուսակցությունները՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլի հիմնած «Միացյալ ազգային շարժում»-ը և «Ագմաշենեբելիի ռազմավարությունը», ինչպես նաև «Կոալիցիա հանուն փոփոխությունների» քաղաքական ուժը, «Ուժեղ Վրաստան» դաշինքն ու «Հանուն Վրաստանի» քաղաքական ուժը, որը «Վրացական երազանքի» նախկին վարչապետ Գեորգի Գախարիան է գլխավորում։

Հիմնական պայքարը ծավալվելու է իշխող «Վրացական երազանք» կուսակցության և ընդդիմության միջև, որին իշխանությունները անվանում են «Հավաքական ազգային շարժում» և արմատական ​​ընդդիմություն։

RegionsTV-ն Վրաստանում տիրող իրավիճակի, ընտրությունների հնարավոր արդյունքների և դրանց ազդեցությունը Հայաստանի հետ հարաբերությունների վրա հարցերով զրուցել է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանի  Փորձագետի կարծիքով՝ նախընտրական քարոզարշավն աննախադեպ է և համեմատելի չէ նախորդների հետ, թերևս գուցե 2012 թվականի, երբ իշխանության եկավ «Վրացական երազանքը», ուստի կարելի է ասել, որ բևեռացումը, բարդ հարաբերությունները Վրաստանի և նրա արևմտյան գործընկերների միջև, ֆինանսական ճնշումները՝ Վրաստանի նկատմամբ որոշակի պատժամիջոցները ինչ որ առումով դժվարություններ ու խնդիրներ են ստեղծել ողջ դաշտի համար։

Ջոնի Մելիքյանը ներկայացնում է Վրաստանում իրադարձությունների զարգացման 3 սցենար՝ կախված ներկա իրողություններում ընտրողների մասնակցությունից։ Ըստ նրա՝ առաջին սցենարն այն է, որ ընտրողների ցածր մասնակցության դեպքում իշխող կուսակցությունը վերընտրվելու ավելի մեծ հնարավորություն ունի, և սա ամենաիրատեսական սցենարն է․« 60%-ից բարձր մասնակցության դեպքում այդ հնարավորությունը նվազում է, և այս դեպքում խորհրդարան մտնելու ընդդիմադիր 3-4 կուսակցությունների հնարավորություններն ավելանում են։ Եթե նրանք մտնեն խորհրդարան, եթե կարողանան համաձայնվել, ապա կկարողանան ստեղծել կոալիցիա և իշխանությունը վերցնել «Վրացական երազանքից»։ Սա է երկրորդ սցենարը։ Ինչ վերաբերում է 3 սցենարին, ապա հնարավոր տարբերակ է, որ իշխող «Վրացական երազանքը» վերընտրվի, սակայն ընտրությունների արդյունքները կասկածի տակ կդնեն միջազգային դիտորդները։ 3-րդ սցենարը դա ընդդիմադիր կոալիցիայի իշխանության գալն է, բայց միայն այն դեպքում, եթե նրանք կարողանան համախմբվել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայտարարած «Վրացական խարտիայի» շուրջ։ Ամեն դեպքում և ցանկացած սցենարով սպասվում են հետընտրական գործընթացներ, որոնք կարող են տևել մինչև դեկտեմբեր։ Եթե ​​դիտարկենք առաջին երկու սցենարները, ապա «Վրացական երազանքի» վերընտրվելու և հետընտրական անարդյունք գործընթացների դեպքում, կստացվի, որ կսկսվի Արևմուտքի հետ հարաբերությունների վերսկսում, բայց միայն ԱՄՆ ընտրություններից հետո, 2025 թվականի հունվարից։ Եթե ​​լինի երկրորդ սցենարը, և «Վրացական երազանքի» հաղթանակը չճանաչվի Արևմուտքում, ապա եթե բողոքի ցույցերը մարեն, վրացական իշխանությունները ստիպված կլինեն վերանայել իրենց կողմնորոշումն արտաքին քաղաքականությունում։ Սա արդեն կարող է հանգեցնել տարածաշրջանի դինամիկայի փոփոխության, և կազդի նաև Հայաստանի Հանրապետության վրա»։

Վրացական հարցերով փորձագետի խոսքով՝ Վրաստանի ընտրությունների արդյունքներից անկախ՝ այսպես ասած՝ շահառուների թվում են արդեն Թուրքիան և Ադրբեջանը։

«Մասնավորապես, կարևոր չէ, թե ինչպիսին է լինելու ընտրությունը. տարածաշրջանում որքան քիչ  լինի Արևմուտքը կամ  որքան քիչ լինի Ռուսաստանը, այնքան շատ այլ խաղացողներ կլինեն՝ առաջին հերթին Թուրքիան և Ադրբեջանը։ Տարածաշրջանում ավանդական խաղացողներին փոխարինող մեկ այլ խաղացող էլ Չինաստանն է: 2008 թվականից Ռուսաստանը որոշակի դիրքեր է կորցրել մեր տարածաշրջանում, առաջին հերթին՝ Վրաստանում,  մի շարք ոլորտներում նրա տեղը զբաղեցրել են Արևմուտքը, Թուրքիան, Ադրբեջանը և Չինաստանը։ Արդյունքում ամեն ինչ ավելի բարդ ու բազմաշերտ է, քան Արևմուտքի կամ Ռուսաստանի միջև ընտրության «սև ու սպիտակ» ընկալումը։ Հենց այս իրողությունների հիման վրա էլ Վրաստանի իշխանությունները փորձում մանևրել»,-ասաց Մելիքյանը։

Նրա խոսքով, ներկայիս իշխանություններին ձեռնտու է եվրոպամետ ճանապարհով գնալը, սակայն նրանք նաև չեն ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերություններում նոր կոնֆլիկտներ։

Հակառուսական պատժամիջոցներն ընդունելու դժկամությունը հիմնված է այն գաղափարի վրա, որ, ինչպես կարծում է փորձագետը, հակապատժամիջոցները կարող են լուրջ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության և բնակչության վրա, իսկ մեր երկու երկրների տնտեսությունները դեռևս մեծապես կախված են ռուսական և եվրասիական շուկաներ.

RegionsTV-ի հարցին`Վրաստանի ընտրություններն ինչպես կանդրադառնան հայ-վրացական հարաբերությունների վրա, Մելիքյանը պատասխանեց՝ Երևանի համար կարևոր է, որ Վրաստանում իշխանության լինի այնպիսի քաղաքական ուժ, որի   արտաքին քաղաքականությունը բխում է ազգային և պետական ​​շահերից,  և ակտիվորեն աշխատում է Արևմուտքի հետ․«Բայց միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ լրացուցիչ լարված հարաբերություններ չունենան։ Մնացած բոլոր սցենարները որոշակի ռիսկեր են պարունակում պաշտոնական Երևանի և նրա արտաքին քաղաքականության համար, որտեղ այս փուլում շեշտը դրվում է դիվերսիֆիկացիայի վրա։ Ուստի այս համատեքստում կարեւոր է, որ պաշտոնական Թբիլիսին վարի պրագմատիկ քաղաքականություն՝  լինելով միաժամանակ արեւմտամետ,  չսադրի   կամ չսրի  ՌԴ-ի հետ հարաբերությունները»։

Կարծիքներ կան, որ այս ընտրություններով Վրաստանի հասարակությունը, փաստորեն, պետք է ընտրություն կատարի Արևմուտքի և Ռուսաստանի միջև, քանի որ կարծում են, որ «Վրացական երազանքը» ռուսամետ է, իսկ ընդդիմությունը՝ արևմտամետ։ Այս առնչությամբ Ջոնի Մելիքյանը նշեց՝ չի տեսնում, որ Վրաստանում ներքաղաքական պայքարը երկակիության համատեքստում։

«Չկա «ռուսամետ» կամ «արևմտամետ» տարբերակ այն իմաստով, ինչպես որ պնդում են քաղաքական գործիչները։ Սրանք բոլորը նարատիվներն են ստեղծված Վրաստանի կոնկրետ շրջանակների կողմից և հայտնի են նաև Վրաստանից դուրս, այդ թվում՝ Հայաստանում։ Վրացական իրողություններում շատ դժվար է որոշել, թե ով է արևմտամետ, ով՝ ռուսամետ։ Ընդ որում, ներքաղաքական դաշտի խաղացողներից յուրաքանչյուրը կարող է բազմաթիվ հակափաստարկներ բերել այս փաստարկների դեմ։ Հետևաբար, այս ամենն ընդամենը հռետորաբանության և նախընտրական պոպուլիզմի մի մասն է, երբ կողմերից յուրաքանչյուրն օգտագործում է այն նարատիվները, որոնք, իր կարծիքով, կօգնեն հասնել որոշակի արդյունքների։ Օրինակ ընդդիմությունը 12 տարի է՝ մեղադրում է իշխոս «Վրացական երազանքին» «ռուսամետ կողմնորոշման» մեջ, իսի իրեն անվանում՝ «արևմտամետ»։ Մյուս կողմից, հենց «Վրացական երազանքի» կառավարման օրոք ստորագրվեց և ուժի մեջ մտավ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, ներառյալ՝ տնտեսական բաղադրիչները, սահմանվեց ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ, իսկ 2023 թվականի վերջին Վրաստանը  ստացավ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Այլ հարց  է, որ վերջին տարիներին Վրաստանում ընդունվել են օրենքներ, որոնք Բրյուսելում ընկալվել են որպես «ժողովրդավարական օրակարգից շեղում», ինչը ուկրաինական պատերազմի պայմաններում էլ ավելի է բարդացրել Թբիլիսիի հարաբերություններն արևմտյան իր գործընկերների հետ»:

Մելիքյանը նշեց՝ Վրաստանում տարբեր քաղաքական ուժեր, որպես կանոն, չունեն գաղափարական լուրջ հենք, իշխանությունն ու ընդդիմությունը պարզապես փորձում են տարբեր մանիպուլյացիաներով իրենց շուրջը հավաքել տարբեր նարատիվներով ընտրազանգված․««Վրացական երազանքը» փորձում է իր շուրջը համախմբել պահպանողական և ուղղափառ խմբերին՝ շեշտը դնելով ԼԳԲՏ համայնքի դեմ քարոզչության, երկրում արտաքին ուժերի ազդեցության,  այսպես կոչված՝ «պատերազմի կուսակցության» դեմ քարոզչության վրա։ Մյուս կողմից՝ ընդդիմությունն օգտագործում է «ռուսական օրենք», «ռուսամետ կուսակցություն», «ռուսական երազանք» և այլ նարատիվները»։

Ադրբեջանը մեծ ուշադրություն է դարձնում Վրաստանին և շահագրգռված է, որ «Վրացական երազանք»-ը պահպանի իշխանությունը։ Ադրբեջանը մի կողմից քննադատում է Արևմուտքին՝ Վրաստանում ընտրություններից առաջ իրավիճակը ապակայունացնելու փորձի համար, մյուս կողմից՝ դա լարվածություն է ստեղծում և խախտում տարածաշրջանային կայունությունը։

Վրաստանում բնակվող մի խումբ ադրբեջանցիներ վերջերս Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ Վրաստանի դրոշով լուսանկարվել էին ու տարածել համացանցում։ Նշենք, որ Լեռնային Ղարաբաղ ցանկացած ոք չի կարող մուտք գործել։ Այս առնչությամբ Մելիքյանը նշեց՝ օկուպացված Արցախ կատարած այդ այցելությունները վկայում են այն մասին, որ Բաքուն ցանկանում է Երևանի և Թբիլիսիի միջև հարաբերությունները սրել․«Որոշ անհայտ անձանց կազմակերպված կերպով տեղափոխում են Արցախի օկուպացված տարածքներ, որտեղ նկարվում են վրացական դրոշներով։ Այս ամենի նպատակը հայ-վրացական հարաբերություններում որոշակի խնդիրներ ստեղծելն է։ Վերջերս վրացի հեղինակներից մեկը պնդում էր, որ հայերը Վրաստանում բախումներ են հրահրելու Արևմուտքի ձեռքով։ Բայց չեմ կարծում, որ դա հաջողության կհասնեն, որովհետեւ Երեւանի եւ Թբիլիսիի միջև համագործակցության և վստահության մակարդակը, որը ձեւավորվել է վերջին տարիներին, դժվար է փոխել»։

Քաղաքագետը նաև հավելեց՝ Երևանը շահագրգռված է Վրաստանում ժողովրդավարության զարգացմամբ ու կայունությամբ․ «Երևանը կաշխատի Վրաստանի ցանկացած կառավարության հետ, որը վստահության քվե կստանա Վրաստանի քաղաքացիներից, ովքեր կքվեարկեն հօգուտ այն կուսակցության, որին համարում են իրենցը, իսկ նոր կառավարության ձևավորումից հետո մեր առևտրատնտեսական կապերը խորացնելու աշխատանքները կշարունակվեն։ Այս տարեսկզբին ստորագրված փաստաթղթում ասվում է, որ Երևանն ու Թբիլիսին հարաբերությունները դիտարկում են որպես ռազմավարական: Հետագայում մենք կաշխատենք միմյանց հետ, կխորացնենք հարաբերությունների այս ռազմավարական մակարդակը»։

Զաբելա Ավագյան

Նորություններ