Ղեկավարության հիմնահարցը՝ ճա՞ռ ասել, թե՞ զանգ կախել | Region

Ղեկավարության հիմնահարցը՝ ճա՞ռ ասել, թե՞ զանգ կախել

Դեկտեմբեր 12,2018 13:52

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններից հետո ժամանակն է հասկանալ, որ ինչ վարկանիշ էլ ունենա կառավարությունը, այն պետք է ցույց տա իրական արդյունքներ։ Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ անձի պաշտամունքը երկար է տևում, առավել ևս եթե դրական վերաբերմունքը չի ամրապնդվում կոնկրետ գործողություններով:

Յոթ ամիս առաջ Հայաստանն արդեն արձանագրում էր շարունակական տնտեսական անկում, որը կոմպենսացվում էր արտաքին պարտքի նույնչափ շարունակական աճով: Յոթ ամիս առաջ իշխանությունը պատրաստվում էր վերարտադրվել, ինչպես անցյալում արդեն արել էր: Ու այդ պահին Հայաստանում կայացավ հեղափոխություն. նշանակալի և յուրահատուկ իրադարձություն, նույնիսկ մոլորակի մասշտաբով։

Հեղափոխությունը ստեղծեց, ծնեց և կերակրեց Սերժ Սարգսյանը՝ անհաջողակ նախագահը, ով խոստացավ հեռանալ, բայց փորձեց մնալ ղեկին ընդմիշտ։ Հայաստանում այդպես չի կարելի անել, դա դուրս է այս հասարակության պարադիգմից։ Բացի դրանից, նրա ղեկավարության տասնամյակի «ձեռքբերումները» ստիպեցին արտագաղթել գրեթե կես միլիոն մարդու, իսկ մնացողների մեծամասնությունը նրանից, մեղմ ասած, դժգոհ էր։

Բայց նա անհաջողակ էր ոչ թե որովհետև իր մոտ չստացվեց պահել իշխանությունը, հակառակը, հեղափոխությունը նրա գրպանը դրեց նախագահական թոշակ, անձեռնմխելիություն և ուղարկեց Ձորաղբյուրի դղյակ, ես դա նույնիսկ հաջողություն կանվանեի: Նրա անհաջողությունները լրիվ այլ բնույթի էին՝ ոչ նրա արժեհամակարգը, ոչ էլ մտածողությունը կենսունակ չէին: Հասարակությունը զարգանում էր, շարժվում առաջ, ու ոչ թե իշխանության շնորհիվ, այլ ի հակառակ վերջինիս: Ստարտափերները, UI/UX դիզայներները, ֆինանսական վերլուծաբանները չէին կարող չմերժել օտար մարմինը, որը խցկվել էր իրենց շարքերն ու փորձում էր կառավարել։

Նրանից խուսափում էին նաև եվրոպական միջոցառումների ժամանակ՝ նախընտրելով հայկական ընդդիմության ներկայացուցիչներին. երկրների ղեկավարները, ցանկանալով Հայաստանի իրավիճակի մասին իրական պատկերացում կազմել, Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջն էին հավաքվում, ոչ թե պաշտոնական իշխանության ներկայացուցիչների: Արմեն Աշոտյանը ջանում էր փրկել իր նախագահի իմիջը՝ արտասանելով մի քանի պատրաստի անգլերեն արտահայտություններ, բայց այդ փորձերը բավականաչափ համոզիչ չէին։ Այսքանից հետո Սարգսյանը թռչում էր Մոսկվա կամ այլ «եվրասիական» մայրաքաղաք, որտեղ զգում էր իրեն շատ ավելի վստահ՝ մտածելակերպով և լեզվաբանորեն ավելի մոտիկ գործընկերների շրջապատում։ Բայց այս վստահությունը կորում էր այն ժամանակ, երբ գործընկերների շահերը բացահայտ հակասում էին Հայաստանի շահերին, ու Սարգսյանի երևակայությունը հավանաբար շատ կենդանի պատկերում էր հերթական բողոքի երթը դեպի Բաղրամյան 26, որը նորից ստիպված էր լինելու ուժով ցրել ու նորից հերթական միջոցառմանը կանգնել եվրոպական առաջնորդների հանդիմանական հայացքների տակ: Եվ նորից նա ստիպված էր լռել կամ դիմել նախապատրաստած արտահայտությունների՝ ընդհանրական կամ հարմարվողական բնույթ կրող։

Բայց այս ամենն արդեն պատմություն է, միջազգային «բուլլինգի» զոհը շնչում է Ձորաղբյուրի մաքուր օդը, իսկ Երևանի վարչական շենքերի կաբինետները զբաղեցրել են ստարտափերները, UI/UX դիզայներներն ու ֆինանսական վերլուծաբանները։

— Տես՝ Սերժի նկարը հանել եմ,- փայլը աչքերին կիսվում էր իր մասնագիտական հաջողություններով նրանցից մեկն, ով նստած է բավականին բարձր, կարևոր ու, հավանաբար, հարմարավետ աթոռի։

— Իսկ ի՞նչ ես անելու դրանից հետո, ունե՞ս որևէ պլաններ ապագայի համար,- հարցնում եմ ես՝ փորձելով բերել նրան ռազմավարական կառավարման հարցերի։

— Դեռ չգիտեմ, երևի Հանրապետության հրապարակի լուսանկարը կկախեմ տեղը։ Չէ՞ որ հիմա ժողովուրդն է պետության ղեկավարը,- պատասխանում է նա։ Նրա բառերի մեջ վստահություն է հնչում ու հստակ դիրքորոշում։ Ես չեմ կարող չհամաձայնել նրա հետ, բայց, ամեն դեպքում, իմ հարցերը մնում են անպատասխան։

Այն ժամանակ՝ գարնանային իրադարձություններից անմիջապես հետո, այս խոսակցությունն ինձ կատակ էր թվում: Բայց այն, ինչ կատակ էր թվում այն ժամանակ, այսօր քաղաքական իրողություն է: Հրապարակի լուսանկարները կախված են այնտեղ, որտեղ ժամանակին կախված էր Սերժի դիմանկարը: Ու վերջ: Երկրի կառավարման ոչ ռազմավարական, ոչ էլ մարտավարական պլան այս թիմը դեռ չի ցուցադրել։

Սա տիպիկ իրավիճակային կառավարում է։ Այս մարդիկ չեն գողանում, ի տարբերություն նախորդների՝ հազիվ թե հարյուրից մեկը։ Նրանք հանգիստ են, բավականին գիտակից են թվում: Մեծամասնությունը դուրս է եկել սովետական իտելիգենցիայի ապահովված ընտանիքներից։ Նրանք երբեք չեն ցուցադրել սեփական ավտոպարկն ու ոսկե ատրճանակները. նման էսթետիկայի ժամանակն անդարձ հեռացել է, մենք դա ոչնչացրել ենք հեղափոխական բարիկադների վրա։ Նրանց էսթետիկան ուրիշ է։ Նրանք պետք է երևան կարևոր, նշանակալի և անհասանելի։ Նրանց անհասանելիությունը, ցավոք, տարածվում է նաև այն անձանց վրա, ովքեր ինչ-որ մի բան ունեն առաջարկելու այս երկրին։ Խոշոր գործարարները նեղանում են, նախագծերը փակվում են, ներդրումներն էլ դադարում։ Բյուրոկրատիան, որն այս մակարդակի չէր անգամ Սերժի ժամանակ, խեղդում է տնտեսական աճը, իսկ նախկին ստարտափերները, UI/UX դիզայներները, ֆինանսական վերլուծաբաններն ունեն մեկ նպատակ՝ դառնալ ավելի լոյալ, ավելի հավատարիմ վարչապետին։

Ի դեպ, վարչապետը (ինչպես նրան սկսեցին կոչել բոլոր նրանք, ովքեր անցյալում նրան պիտակավորում կամ «ախպերով» էին դիմում) և իր ֆենոմենը դեռ չեն ենթարկվել լիարժեք վերլուծության։ Ինձ հայտնի է, որ նա շատ դեպքերում դժգոհ է իր թիմից ու պատրաստվում է նրանցից շատերին տեղավորել Ազգային ժողովում։ Բայց արդյոք նա գիտի իր երկիրն այնքան, որ ունակ լինի ներկայացնել այն խոշոր կապիտալին։ Ընդհանուր առմամբ, նրան բավական է ճանաչել այն մարդկանց, ովքեր ունակ են դա անել, ու ճիշտ բաշխել նրանց կաբինետներով։

Բայց այսօրվա դրությամբ նրա ֆինանսական վերլուծաբանները չեն հասկանում, թե ինչ է նախագծային կառավարումը, ստարտափերները չեն սկսել ոչ մի ձեռնարկություն, իսկ UI/UX դիզայներները չեն պատրաստվում զբաղվել պետծառայությունների ինտերֆեյսով, որպեսզի պարզեցնեն ու ավելի հասանելի, թափանցիկ դարձնեն այն։

Վարչապետի ֆենոմենը բացահայտված չէ այն պատճառով, որ նա նաև անցյալում չէր կիսվում իր պլաններով, իսկ այսօր պետական ինտրիգների, պատնեշների, ռևանշիզմի վտանգի և միջազգային ճնշման փոթորիկում առավել դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում նրա գլխում։ Ինձ համար ակնհայտ է, որ նա չի պատրաստվում թալանել և յուրացնել իշխանությունը, նա իրոք ձգտում է դրական փոփոխությունների։ Բայց եթե նա համարում է, որ փոփոխություններին կարելի է հասնել միայն բարենպաստ ինվեստիցիոն պայմաններ ստեղծելով և ապագայում խոշոր արտերկրյա ներդրումներ ակնկալելով, ապա ես վատ նորություններ ունեմ։ Դա այդպես չէ։

Որպեսզի հնարավոր լինի կապիտալը գրավել ու բժշկել հիվանդներին, իսկ սովյալներին կերակրել, անհրաժեշտ է նախ օրակարգ ունենալ: Իսկ որպեսզի գան մարդիկ, ովքեր կարող են օրակարգ ստեղծել, պետք է իջնել հեղափոխական դափնիների վրայից ու սկսել պրոֆեսիոնալ գործել: Հուզիչ խոսքերի, ուրախ ժամանցի ու սոցիալական ցանցերում պրոֆիլ-նկարները ապահովելու համար նույնպես կան հաստիքներ նոր կառավարությունում՝ հիմնականում հանրության հետ կապերի բաժիններում, կա նաև խորհրդարանը: Բայց լուրջ կառույցները պետք է ղեկավարեն նրանք, ովքեր ունակություն ունեն երկրում ստեղծել ժամանակակից արտադրական կլաստերներ՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներով, էկոլոգիապես մաքուր միջավայրով, առողջ և երջանիկ հասարակությամբ՝ կայուն տնտեսական աճի պայմաններում։

Պատերազմներից և հեղափոխություններից հետո մարտիկները և ակտիվիստները որոշ ժամանակ վայելում են պաշտոններն ու արտոնությունները, ինչից հետո հիմնականում զիջում են իրենց տեղերը մասնագետներին՝ գնալով արժանի հանգստի։ Մեր դեպքում նրանք ընտրություններից հետո բացառիկ հնարավորություն ունեն մնալ Ազգային ժողովում ու իրենց գաղափարների շնորհիվ կայանալ որպես օրենսդիրներ, իսկ Փաշինյանը՝ ցույց տալ քաղաքական իմաստություն ու գործադիր իշխանության մեջ ներգրավել որակավորում ունեցող կադրերի, ովքեր ունակ են ընդունել պատասխանատու որոշումներ ու հասկանում են, որ իրենց մեջքի հետևում կանգնած է մի ամբողջ պետություն։

Ֆիլիպ Արզումանյան

Նորություններ