Գիորգի Թումասյան․ Կարելի է ասել, որ այս ընտրություններով ավարտվում է Վրաստանի եվրաինտեգրումը
Վրաստանում Էքզիտ-փոլերի և մյուս տվյալները ցույց են տալիս, որ անհավանական տարբերություն կա էքզիտ-փոլերի և «պաշտոնական» վերջնական արդյունքների միջև։ Նախկինում էքզիտ-փոլերով երբեք նման տարբերություն չի եղել։ Եղել է 1-2%-ի տարբերություն, իսկ այժմ այդ տարբերությունն ավելի քան 12% է։ Այս մասին REGIONSTV-ի հետ զրույցում ասաց Վրաստանի հասարակական գործիչ, միջազգային հարաբերությունների մասնագետ, Վրաստանի հայ համայնք հարթակի նախագահ Գիորգի Թումասյանը։
Նա հիշեցրեց՝ Վրաստանի ընդդիմությունը չի ճանաչում հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, քանի որ իրականում բազմաթիվ ապացույցներ կան թե՛ տեղական, թե՛ միջազգային դիտորդական կազմակերպություններից, որ ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են։
«Բոլոր 4 ընդդիմադիր ուժերը չեն ճանաչում ընտրությունների արդյունքները, նրանք հրաժարվում են մասնակցել խորհրդարանական նիտերին։ Միաժամանակ, էքզիտ-փոլերի և բոլոր տվյալները ցույց են տալիս, որ անհավանական տարբերություն կա էքզիտ-փոլերի և «պաշտոնական» վերջնական արդյունքների միջև։ Ակնկալվում է, որ կլինեն զանգվածային բողոքի ցույցեր»,- նկատեց քաղաքագետը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է՝ ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են, «ժամանակակից տեխնոլոգիաներն օգտագործվել են ընտրակեղծիքները «սպիտակեցնելու» համար»։ Վրաստանը դարձել է «ռուսական հատուկ գործողության զոհ», հիբրիդային պատերազմի զոհ»: Զուրաբիշվիլին նաև ասել է՝ «Այս ընտրությունները չեն կարող ճանաչվել։ Դա նույնն է, թե ճանաչել Ռուսաստանի ներխուժումը Վրաստան կամ Վրաստանի ենթակայությունը Ռուսաստանին։ Երկրի նախագահը հայտարարել է, որ այս իրավիճակում կողմնակիցն է փողոցային պայքարի ձրաչափին, և կոչ է արել բոլորին այսօր 19:00-ին հավաքվել Ռուսթավելի պողոտայում։
Մեզ հետ զրույցում Գիորգի Թումասյանը նշեց՝ ընտրությունների այսպիսի արդյունքներով հնարավոր չէ կոալիցիոն կառավարություն ստեղծել․«Ըստ այդմ, ընդդիմադիր կուսակցությունները չեն գնա խորհրդարանում։ Հավանաբար, ընդդիմությունը կփորձի այնպիսի գործողություններ անել, որպեսզի խորհրդարանը չկարողանա գործել, և որպեսզի նոր ընտրություններ նշանակվեն»։
Փորձագետի կարծիքով՝ այս ընտրությունները կվատթարացնեն Վրաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ։
«Իհարկե, այս ընտրությունները կվատթարացնեն հարաբերությունները Եվրամիության հետ։ Նույնիսկ անհնարին կդարձնե դրանց զարգացումը։ Փաստորեն, կարելի է ասել, որ այստեղ ավարտվում է Վրաստանի եվրաինտեգրումը»,- ընդգծեց Գիորգի Թումասյանը։
Ըստ Վրաստանի ԿԸՀ-ի՝ շխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 54,27 %-ը, 89 մանդատ, «Միասնություն –Ազգային շարժում» կոալիցիան, 10,094%, 17 մանդատ, «Փոփոխությունների կոալիցիա»-ն՝ 10,806%, 18 մանդատ, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 8,752%, 14 մանդատ, «Գախարիան Հանուն Վրաստանի»՝ 7,75%, 12 մանդատ։