2025-ին ակնկալվում է ունենալ 5.6% տնտեսական աճ. ֆինանսների նախարարը խորհրդարանում ներկայացրել է հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը
ԱԺ մշտական հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախարարի ներկայացմամբ՝ ըստ նախագծի՝ 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն մոտ 733 մլրդ դրամ, ինչը 5.4 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը: 2025 թվականին կապիտալ ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6.6 տոկոսը, որը 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի մակարդակին հավասար է, սակայն, ինչպես ասաց նախարարը, 2024 թվականին սպասվող ծախսերի համեմատ ավելի է 0.6 տոկոսային կետով:
«Այստեղ էական է նաեւ նշել, որ ծախսերի 55.8 տոկոսն ուղղվելու է պաշտպանության ոլորտին: Պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 664.7 մլրդ դրամ, ինչը 20 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը: Արդյունքում` պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 6 տոկոսը եւ 2024 թվականի համեմատ ավելի կլինեն 0.7 տոկոսային կետով»,- ասաց նախարարը:
Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը կկազմեն 905 մլրդ դրամ, ինչը 13.9 տոկոսով կգերազանցի ընթացիկ տարվա սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը: Նախարարը հայտնել է, որ թեեւ այստեղ աճ կա, բայց այն բազային ցուցանիշների աճի հետեւանքով է, այսինքն` աճի հետեւանքով այստեղ որեւէ էական քաղաքականության փոփոխություն տեղի չի ունենում: Արդյունքում` սոցիալական պաշտպանության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 8.2 տոկոսը եւ ավելի կլինեն 0.6 տոկոսային կետով:
Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը կկազմեն 300 մլրդ դրամ, ինչը 4.5 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով սահմանված կրթության ոլորտի ծախսերը եւ կկազմի ՀՆԱ-ի 2.7 տոկոսը, ինչը նույն մակարդակն է, ինչը 2024 թվականի համեմատ:
Շրջակա միջավայրի նախարարության ծախսերը կկազմեն 13.5 մլրդ դրամ, ինչը 37.6 տոկոսով կգերազանցի 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված Շրջակա միջավայրի նախարարության ծախսերը: Ծախսերի ավելացումը պայմանավորված է Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) էկոպարեկային ծառայության հիմնադրմամբ:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերը կկազմեն 47.5 մլրդ դրամ, ինչը 89 տոկոսով կգերազանցի ընթացիկ տարվա ծախսերը:
Նախարարն այնուհետեւ անդրադարձել է միջազգային տնտեսական զարգացումներին, պարենի միջազգային գներին, ներմուծման եւ արտահանման ծավալներին, մեր երկրում տնտեսական ակտիվության ցուցանիշին, Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվին եւ այլն:
2025 թվականին ակնկալվում է ունենալ 5.6 տնտեսական աճ: 2024 թվականին սպասվում է 5.8 տոկոս տնտեսական աճ, իսկ 2026-2027 թվականներին` միջինում 5.5 տոկոս տնտեսական աճ: Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ այս աճի պայմաններում Կառավարությունը կկատարի իր ծրագրային դրույթը եւ 2021-2026 թվականներին միջինում կապահովի 7 տոկոս տնտեսական աճի թիրախը:
Բյուջեի պակասուրդը, պայմանավորված որոշ ծախսերի առաջ բերմամբ, կլինի 5.5 տոկոս: Այն այնուհետեւ` միջնաժամկետ հատվածում, կհասնի 3 տոկոսի: Կառավարության պարտքը կաճի մինչեւ 53.5 տոկոս, այնուհետեւ միջնաժամկետով կբալանսավորվի 54.6 տոկոսի մոտակայքում:
Հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 2025 թվականի ավարտին կհասնի 25 տոկոսի, եւ հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 759 մլրդ դրամ: Այս տարվա եկամուտները 2 տրիլիոն 613 մլրդի փոխարեն կլինեն 2 տրիլիոն 455 մլրդ դրամ:
2025 թվականի ընթացիկ ծախսերը 2024 թվականի 24.1 տոկոսի համեմատ կաճեն 24.9 տոկոսով:
Նախարարի խոսքով պետական բյուջեի ծախսերը 2025 թվականին կլինեն 3 տրիլիոն 482 մլրդ դրամ, եկամուտները` 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, դեֆիցիտը` 609 մլրդ դրամ:
«2024 թվականի համեմատ մենք ունենալու ենք 275 մլրդ դրամ ավելի ծախսելու հնարավորություն: Այստեղ ընթացիկ ծախսերն ավելանալու են 238 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերը` 38 մլրդ դրամով»,- հստակեցրել է զեկուցողը: