Ընդդիմադիրից մինչև վարչապետ. տեսակետների՞, թե՞ գործառույթների տրանսֆորմացիա
Վերջերս հասարակության որոշ հատվածի, այդ թվում նրանց մոտ, ովքեր ապրիլյան հեղափոխության օրերին ակտիվ մասնակցություն էին ունեցել կազմակերպվող ակցիաներին, ֆրուստրացիայի որոշ նախանշաններ են նկատվում, ինչը պայմանավորված է նրանով, որ հեղափոխության արդյունքում իրենց պատկերացրած փոփոխություններն այնքան արագ չեն տեղի ունենում կամ այնքան մասշտաբային չեն, որքան նրանք պատկերացնում էին: Արդյունքում, որոշ մարդկանց մոտ հեղափոխության գործում հաջողությանը հասնելու հետևանքով առաջացած էյֆորիան իր տեղն է զիջում խորը հիասթափությանը: Սակայն խնդիրը ոչ այնքան իշխանության եկած մարդկանց խոստումների և իրական քայլերի անհամապատասխանության, որքան ընդդիմադիրի ու երկրի ղեկավարի գործառույթները չտարանջատելու մեջ է:
Ընդդիմադիրի աթոռին նստելիս
Երբ լսում ենք «ընդդիմադիր», պատկերացնում ենք օր ու գիշեր իշխանությունների հասցեին քննադատություններ հնչեցնող գործիչներին, ովքեր ամեն վայրկյան պատրաստ են պաստառներով դուրս գալ փողոց և իրենց բողոքը լսելի դարձնել: Իրականում, սակայն, զարգացած ժողովրդավար երկրներում ընդդիմությունը շատ ավելի լուրջ դեր է խաղում, քան պարզապես տեղին ու անտեղի քննադատել իշխանության ամեն մի քայլը:
Այսպես, կարելի է առանձնացնել ընդդիմության հետևյալ հիմնական գործառույթները.
*իշխանությունների կողմից իրականացվող քաղաքական քայլերի և տեսակետների վերլուծություն և կառուցողական քննադատություն, հիմնական քաղաքական գծի շտկում,
*տնտեսական, սոցիալական, մշակութային կամ արտաքին հարաբերությունների բնագավառում այլընտրանքային ծրագրերի մշակում,
*քաղաքական էլիտայի ռոտացիայի ապահովում:
Այսպես, ընդդիմությունը մի կողմից հավասարակշռող դեր է խաղում և հնարավորություն տալիս քաղաքական խնդիրները դիտարկել տարբեր տեսանկյուններից՝ առաջարկելով այլընտրանքային լուծումներ, ինչը, սակայն, չի նշանակում, որ այդ լուծումները միանշանակ ընդունելի են և կիրառելի: Դա պարզապես երկրի զարգացման բոլոր հնարավոր ուղիների դիտարկման հնարավորություն է: Մյուս կողմից էլ՝ ընդդիմությունը փաստացի վերահսկողական գործառույթ է կատարում՝ թույլ չտալով իշխանական աթոռը ծառայեցնել սեփական շահերին:
Պետք է, սակայն, հաշվի առնել, որ ընդդիմության կողմից առաջարկվող լուծումները բավականին նեղ բնույթ են կրում, ինչը պայմանավորված է մի կողմից նրանով, որ ընդդիմադիր գործիչը հանդես է գալիս տվյալ հասարակական խմբի անունից (ինչը պայմանավորված է կուսակցության էությամբ), մյուս կողմից էլ՝ ընդդիմության գործառույթներով:
Վարչապետի աթոռին նստելիս
Խորհրդարանական քաղաքական համակարգի պայմաններում թեև պետության գլուխը հանդիսանում է նախագահը, սակայն լիազորությունների ու գործառույթների տեսանկյունից երկրի առաջին դեմքը դե ֆակտո վարչապետն է (այսպես, ՀՀ Սահմանադրության համաձայն, գրեթե բոլոր կարևոր քայլերը ներքաղաքական կյանքում և միջազգային հարաբերությունների դաշտում նախագահը իրականացնում է «վարչապետի առաջարկությամբ»), որի գործառույթները բխում են կառավարության կարգավիճակից և գործառույթներից՝ իր ծրագրի հիման վրա մշակել և իրականացնել պետության ներքին և արտաքին քաղաքականությունը: Այս համատեքստում անհրաժեշտ է ուշադրությունը սևեռել մի կարևոր հանգամանքի վրա. ՀՀ Սահմանադրությանը համաձայն՝ ընտրական օրենսգիրքը երաշխավորում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը, իսկ վարչապետն ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Այսինքն, ընտրական մեխանիզմը կառավարության ծրագրի ընդունման հարցում արդեն իսկ երաշխիքներ է ստեղծում, և ընդդիմության ձայնն այս պարագայում գրեթե ոչ մի ազդեցություն ունենալ չի կարող:
Այսպիսով (և թող դա տարրական չթվա) վարչապետը, ի տարբերություն այս կամ այն կուսակցության ներկայացուցչի, պարտավոր է գործել և խնդիրներն ընկալել ամբողջ պետության շահերից ելնելով: Ինչը, ինքնաբերաբար, բերում է մի իրավիճակի, երբ հասարակության որոշ խմբերի շահերը կարող են անհրաժեշտ ուշադրության չարժանանալ կամ անգամ զոհաբերվել հանուն պետական շահերի:
Ընկալումների դիսոնանս
Հաշվի առնելով ընդդիմադիր ու իշխանության ղեկին գտնվող քաղաքական գործիչների գործառույթների տարբերությունը, իսկ որոշ դեպքերում անգամ անհամատեղելիությունը, տրամաբանական է, որ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական գործիչի դերի այսպիսի կտրուկ փոփոխումը մարդկանց մոտ առաջացրել է ընկալումների դիսոնանս: Նման իրավիճակը պայմանավորված է մի քանի հանգամանքներով.
1.Վարչապետի աթոռին հայտնված անձի առջև դրված է խնդիր ապահովել տնտեսական և քաղաքական համակարգի սահուն (ոչ թե շոկային) փոփոխում՝ երկրում կայունություն պահպանելու համար: Այդ իսկ պատճառով ղեկավար դիրքում հայտնվածը չի կարող միանգամից կոտրել, օրինակ, հարկային, սոցիալական ապահովության համակարգը և այլն:
2.Իշխանության եկած քաղաքական գործիչը պարտավոր է հաշվի առնել նախորդ իշխանությունների կողմից կնքված միջազգային պայմանագրերը և անդամակցությունն այս կամ այն վերպետական կազմակեպություններում: Միայն հետևողականության և շարունակականության սկզբունքներով առաջնորդվելով է հնարավոր քաղաքական գծի փոփոխությունն իրականացնել առանց ցնցումների (եկեք չմոռանանք, որ արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխումը կարող է տնտեսական լուրջ հարված հասցնել, իսկ զինված հակամարտության առկայության պարագայում պարզապես կոնֆլիկտի էսկալացիայի հանգեցնել): Իսկ հետևողականության ու շարունակականության սկզբունքներին հետևելը ժամանակ է պահանջում:
3.Երկրում պահպանվող կայունությունը գրեթե միշտ տարբեր խմբերի շահերի բախման հարցում փոխզիջման արդյունք է: Կտրականապես կոտրելով համակարգը և պատերազմ հայտարարելով բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն հռչակված քաղաքական և տնտեսական գծի հետ, իշխանության եկած անձը կանգնում է «պատերազմում» միայնակ մնալու և իշխանական աթոռը կորցնելու վտանգի առջև (անգամ այն պարագայում, երբ ներքին լեգիտիմության բարձր վարկանիշ է գրանցել):
Սա, բնականաբար, առանցքային կետերի ոչ ամբողջական ցուցակն է, սակայն անգամ այս նրբությունները հաշվի առնելով՝ հնարավոր է հաղթահարել ֆրուստրացիայի առաջացումը և սկսել ավելի գլոբալ ընկալել երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Այլապես ստեղծվում են բարենպաստ պայմաններ, որպեսզի տարիներ շարունակ քաղաքական կյանքում հիասթափություններ ապրած հասարակությունում արագ թափ հավաքեն և զարգանան աբսենտեիստական տրամադրություններ, ինչը լրջորեն կվտանգի քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության զարգացումն ու հաստատումը:
Նինա Մարգարյան