Ի՞նչ փուլում է հայ-թուրքական երկխոսությունը. Թուրքիան սպասո՞ւմ է հայ-ադրբեջանական փաստաթղթին
«Եզակի հնարավորություն ասելով՝ Էրդողանն Արցախի կորուստը նկատի ունի, որը տարիներ ի վեր Թուրքիայի գլխավոր նախապայմաններից էր»,- REGIONSTV-ի հետ զրույցում հայտարարեց թուրքագետ Նելլի Մինասյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն հաստատելու եզակի շանս ունեն:
«Թուրքիայի նախագահը հույս ունի, որ դրսի ուժերին չի հաջողվի սաբոտաժի ենթարկել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը. Էրդողանը արևմտյան ուժերին նկատի ունի: Բնականաբար, փորձում են մեխանիզմներ ստեղծել տարածաշրջանի ներսում, օրինակ 3+3-ը, որի մասին ասում է, թե կարող է ինստիտուցիոնալ հարթակի վերածվել, որը կլուծի հենց տարածաշրջանային խնդիրներ: Սա Թուրքիայի վերջին շրջանի քաղաքականությունն է»,-ընդգծեց Մինասյանը:
Թուրքագետը համոզված է՝ եթե լինի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր, այդ դեպքում միայն Թուրքիան պատրաստ կլինի Հայաստանի հետ հարաբերություններում քայլեր ձեռնարկել:
«Մենք արդեն իսկ նախապայմաններով գործընթացի մեջ ենք, երկու տարուց ավելի սահմանի բացման պայմանավորվածություն կա, սակայն կյանքի չի կոչվում, որովհետև կա Ադրբեջանի ֆակտորը: Ես կասեի՝ Երևանն ու Անկարան չեն բանակցում, որովհետև եթե բանակցեին, փոփոխություն կլիներ»,-նշեց Մինասյանը: