Գործադիրը Ագրարային համլասարանից տարածք հատկացրեց Ֆրանսիական համլասարանին․դասախոսները դեմ են, բողոքի ցույց էին անում
Մինչ կառավարության նիստում գործադիրը որոշում էր կայացնում Հայաստանի Ազգային ագրարային համալսարանից տարածք հատկացնել Հայաստանում Ֆրանսիական համալսարանին, Ագրարայինի դասախոսներն ու աշխատակիցները բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ։ Նրանք դեմ են համալսարանի տարածքը Ֆրանսիական համալսարանին տրամադրելու որոշմանը։
«Այն մասնաշենքում, որը տալիս են, այդտեղ տեխնիկա ունենք, գյուղատնտեսական տարբեր մեքենաներ ու սարքավորումներ կան։ Կա մի հատ պրես կա, որը 100 տոննա է։ Այդ շենքը դեռ շենքը չկառուցած այդ 100 տոննայանոց պրեսը տեղադրել են։ Պատկերացնո՞ւմ եք՝ դա հանելու համար ոչ մի տեխնիկա չի կարող օգնել, կամ շենքը պիտի հանես, կամ մաս-մաս մեքենայով փչացնեն։ Այդպիսի պրես Սովետական միությունում եղել է 3 հատ, որը մերն էր, հիմա դա վերացնում են»,- պատմեց ցույցին մասնակցող դասախոսներից մեկը։
Դասախոսներն այն կարծիքին են, որ այս որոշմամբ Ագրարային համալսարանին մեծ վնաս է հասցվելու, որոշումն էլ կառավարությունը կայացրել է առանց դասախոսների ու աշխատակիցների հետ հարցը նախապես քննարկելու։
Ցույցի մասնակիցները պահանջում են չեղարկել որոշումը, նրանք կառավարության մոտ ցույցից հետո գնացին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, որտեղ հնչեցրին իրենց պահանջը։
Դասախոսները վստահեցրեցին՝ իրենց պահանջն ու պայքարը շարունակելու են։
Իսկ Ագրարային համլասարանից Ֆրանսիականին տարածք հատկացնելու մասին կառավարության որոշման հիմնավորման մեջ նշված է՝ նկատի ունենալով ագրարային ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը բարելավելու անհրաժեշտությունը և բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման Ֆրանսիայի հարուստ փորձը, ինչպես նաև Ֆրանսիական նորարարական ծրագրերից օգտվելու ցանկությունը՝ կողմերը համաձայնվում են համագործակցել Բոլոնիայի գործընթացին համահունչ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջազգայնացման, այդ թվում և ուսումնական ծրագրերի և կառավարման ձևի վերանայման և արդիականացման ուղղությամբ՝ վերջինս համապատասխանեցնելով միջազգային լավագույն փորձին։
«Հայաստանի ազգային ագրարային և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների փոխհամաձայնությամբ նախատեսվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանին ամրացված առաջին մասնաշենքից տրամադրել տարածք: Նախատեսվում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանին տրամադրված տարածքի, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ օգտագործվելիք տարածքների, ինչպես օրինակ՝ համատեղ օգտագործվող կենտրոնական շքամուտք, աստիճանավանդակ, վերելակ, մարզադահլիճ, ճաշարան, մեծ դահլիճ, մեծ դահլիճի նախամուտք, վերանորոգում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի միջոցներով»,-գրված է փաստաթղթում:
Բացի այդ, նաև նշված է, որ նախատեսվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի 1-ի մասնաշենքի 5-րդ հարկում տեղակայված Ճարտարապետության եվ շինարարության Հայաստանի ազգային համալսարանին գործունեության համար անհրաժեշտ տարածք տրամադրել Հայաստանի ազգային պոլիտեխնիական համալսարան հիմնադրամին հատկացված տարածքից: Այս մասին որոշման նախագիծը կշրջանառվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ անհրաժեշտ ելակետային տվյալների հստակեցումից հետո: