«Գիտեք՝ մենք ի՜նչ կոնյակ ունենք, ասում-ուրախանում ենք, չենք տեսնում, որ կողքից քմծիծաղ է առաջացնում»․ըստ Փաշինյանի՝ վերջերս են գլխի ընկել, որ շամպայնն ու կոնյակը ռեգիոնի անուններ են | Region

«Գիտեք՝ մենք ի՜նչ կոնյակ ունենք, ասում-ուրախանում ենք, չենք տեսնում, որ կողքից քմծիծաղ է առաջացնում»․ըստ Փաշինյանի՝ վերջերս են գլխի ընկել, որ շամպայնն ու կոնյակը ռեգիոնի անուններ են

Հոկտեմբեր 31,2024 16:01

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գործադիրի անդամներով վերջերս են գլխի ընկել, որ շամպայնը միայն տեղանքի անուն չէ։  «ՀՀ ոչ նյութական մշակութային արժեքների ցանկերի կազմման չափորոշիչները և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցի զեկուցման ժամանակ Փաշինյանն ասաց, որ այս թեմայով քննարկում է եղել նաև էկոնոմիկայի նախարարությունում՝ իհարկե ոչ նույն շեշտադրումով․«Աշխարհագրական նշումները շատ կարևոր են ժամանակակից տնտեսության մեջ։ Նենց չի, որ ժամանակակից․․․էս վերջերս ենք գլխի ընկել, երբ արձանագրել ենք, որ որ օրինակ՝ շամպայնը ոչ թե ի սկզբանե խմիչք է եղել, այլ նախ ռեգիոնի և աշխարհագրական անուն է։ Նույնն էլ կոնյակը։ Սա է պատճառը, որ  այսօր մենք շատ ուղղություններով արտահանման խնդիրներ ունենք։ Այդ խնդիրների մի մասը կապված է այս երևույթի հետ։ Մենք գալիս ենք «սովետական շամպայն» սպառողական կուլտուրայից, բաց ինքնին չի կարող լինել տենց բան՝ սովետական շամպայն, եթե իհարկե, այդ շամպայնի հումքի գուցե թե պատենտավորման հնարավորություններ կան։ Եվ մենք այսօր պետք է արձանագրենք, որ շատ դեպքերում արտահանման հետ կապված խնդիրները կապվում են նրա հետ, որ շատ երկրներ, դաշտն իմանալով, այդ հարցում հետևողական աշխատել են, ինստիտուցիոնալ են դարձրել շատ հասկացություններ։ Մենք պետք է այդ հասկանանք ի վերջո։ Սա շատ կարևոր կուլտուրա է։ Հազար ներողություն եմ խնդրում, ոչ թե մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ փորձենք ինչ-որ մեկին ապացուցել, որ շամպայնը մենք ենք ստեղծել, այլ պետք է արձանագրենք, որ տենց   բան ի բնե չէր կարող լինել, որովհետև շամպայնը ոչ թե ցանկացած փրփրուն գինին է, այլ այն փրփրուն գինին է, որը արտադրվել է Շամպայն ռեգիոնում աճեցված խաղողից, նույնն էլ կոնյակը։ Կոնյակն էլ ռեգիոնի անուն է, որը վերաբերում է այն բրենդիին, որն արտադրված է Կոնյակ ռեգիոնում ստացված խաղողից»։

Փաշինյանը նիստում բացատրում էր, թե որն է ոչ նյութական արժեքը, որ ժամանակակից աշխարհում առանց այս բաները հասկանալու հնարավոր չէ ժամանակակից տնտեսություն ունենալ և այլն․« Հիմա օրինակ՝ կոնյակը Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է։ Եվ այսօր, կներեք, այն երկրները, որոնք Ֆրանսիան չեն և ասում են՝ մենք կոնյակ են արտադրում, գիտեք՝ մենք ինչ կոնյակ ունենք, ասում-ուրախանում ենք, բայց չենք տեսնում, որ կողքից քմծիծաղ է առաջացնում, որովհետև դա միջպետական մակարդակում Դիլիջանի ջերմուկ չունե՞ք պատմության նյութականացումն է։ Խայտառակ բան է։ Մենք չենք հետազոտում՝ ուրիշները մեզ ոնց են ընկալում։ Երբ գնում, ասում ենք՝ մենք ինչ կոնյակ ունենք, ժպտում են, բայց մտքում երևի ասում են՝ ըըը․․․»։

Փաշինյանն ասաց՝ մինչև այս հարցերը չլուծենք, մենք չենք կարող ունենալ տնտեսություն, որն ինտեգրված է զարգացած տնտեսությանը․«Մենք կարող ենք լինել ետնախորշերի տնտեսություն, որտեղ կարելի է տաբել թաքուն տեղերում թաքուն բաներ վաճառել։ Բայց թաքուն տեղերն էլ սահմանափակ են»։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան արձագանքեց, ասաց, որ ամբողջովին համաձայն  է Փաշինյանի հետ։ Նա նաև վստահեցրեց՝  ապագայում ՀՀ-ն կարող է  դիրքավորվել Հայկական բրենդի անունով, քանի որ այդ ապրանքի որակը բավականին բարձր է։

Փաշինյանը շարունակեց իր սկսած թեման՝ չենք կարող հիմնավորել և ապացուցել, որ Հայաստանում կոնյակ խմիչք է արտադրվում, դա հնարավոր չէ, ասել՝ մենք կոնյակ ենք արտադրում, նշանակում է մեր տնտեսությունը տանել փակուղի և զրկել զարգացման հեռանկարից։

Նորություններ