Կպարտվի նա, ում նյարդերն առաջինը տեղի կտան | Region

Կպարտվի նա, ում նյարդերն առաջինը տեղի կտան

Ապրիլ 19,2018 14:26

Երկու խիստ տարբեր իրադրություն է Հայաստանում: Ջրբաժանը փշալարերն են և ոստիկանական պատնեշները, որոնց հետևում պատսպարվածն իշխանական ռեժիմն է, մյուս կողմում՝ ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիներ:

Նյարդերի գերլարված պայքար է: Կպարտվի նա, ում նյարդերն առաջինը տեղի կտան:

Սերժ Սարգսյանի համար իրավիճակն աննախադեպ է, և դրանով հանդերձ նա չափազանց խոցելի է: Փորձված գործիքներից որևէ մեկն այս իրադրության պարագայում աշխատունակ չէ: Սարգսյանը հիմա փորձելու է դաշնակիցների փնտրտուքը, որպեսզի ՀՀ քաղաքացուց իրեն պաշտպանող փշալարերից բացի ունենա նաև այլ պատնեշներ՝ տեղադրված իր դաշտում:

Իր իսկ կողմից ճահճացրած քաղաքական դաշտում այլևս չկան դերակատարներ, որոնք 2008-ի կամ 2013-ի պայմանավորվածությունների արդյունքում ամրապնդեցին Սարգսյանի դիրքերը՝ նպաստելով նրա վերարտադրությանը:

Հայ հասարակության տարիների պարտության արդյունքում վարկաբեկվել ու շարքից դուրս են եկել բոլոր այն ուժերը, որոնք կանգնելով Սարգսյանի կողքին՝ ամայացրել են քաղաքական միջավայրը: Եվ այսօր թափ հավաքող ժողովրդական դիմադրությունը չունի նրանց կարիքը: Հետևաբար, Սերժ Սարգսյանի կողմից մշտապես կիրառվող գործիքն այս դեպքում այլևս անպետք ու անզոր է: Փողոցում ընդվզող քաղաքացին չունի այլևս մշտապես երերող ու իրեն պարտության տանող մարգինալների կարիքը: Սա յուրաքանչյուրի անհատական պայքարն է՝ հանուն սեփական ազատությունների: Եվ հենց դրանով պայմանավորված՝ վտանգավոր ու անկանխատեսելի է իշխանությունների համար: Այն տարածական է ու ինքնակազմակերպվող և սրանով հանդերձ անվերահսկելի, որովհետև իրավիճակը չեն հանգուցալուծում բաժանմունքներում տասնյակ քաղաքացիների պահելը կամ ոստիկանական պատնեշներն ու հատուկ միջոցների կիրառումը: Սա ավելի է համախմբում քաղաքացիներին՝ իրենց քայլն անելու գաղափարի շուրջ միավորելով հազարավոր մարդկանց:

Սարգսյանի վարչախմբի աղերսը հիմա արտաքին աշխարհից է, որն այս օրերին շատ զգուշավոր է և չի շտապում հայտնել դիրքորոշում: Նրանք չափազանց զուսպ են նաև շնորհավորական ուղերձներ հղելու առումով:

Բավականին զգուշավոր էր Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի տարածած հաղորդագրությունը, որով իշխանություններին հիշեցրել են ստորագրված համաձայնագրի մասին, որը պետք է երաշխավորի ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

ԱՄՆ պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ ևս նշված է, որ հետևում են Երևանի կենտրոնում և Հայաստանի քաղաքներում ընթացող ակցիաներին:

«Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամարտահայտման և հավաքներ իրականացնելու իրավունքը»,- նշվում է պետդեպի արձագանքում:

Սերժ Սարգսյանը մի քանի անգամ ցույց է տվել, որ պատրաստ է ամեն ինչի՝ հանուն իշխանության երկարաձգման: Զենքի կիրառման մասին ակնարկում են ոստիկանության հաղորդագրությունները ևս, սակայն դրան գնալու համար Սարգսյանն առնվազն երաշխիքներ պիտի ստանա միջազգային հանրությունից:

Եթե Հայաստանի զարգացումներին ուշիուշով հետևող միջազգային հանրության աչքի առաջ խաղաղ անհնազանդության գործողություններն անհամաչափ ուժի կիրառմամբ լռեցնելու քայլին գնա Սերժ Սարգսյանը, միայն ինքը չէ, որ լրջագույն խնդրի առաջ կկանգնի: Սա քաղաքացու պայքարն է հանուն ժողովրդավարության և քննություն միջազգային կառույցների համար:

«Freedom house» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը Հայաստանին համարեց կիսակոնսոլիդացված ավտորիտար վարչակարգով երկիր՝ ակնարկելով, որ կխորանա ավտորիտարիզմը, եթե Սերժ Սարգսյանը երրորդ անգամ ստանձնի երկրի կառավարման ղեկը: Հետևաբար, եթե իրենց լուռ համաձայնությամբ Արևմուտքն ու Եվրոպան թույլ տան բռնի գործողություններ, սա կլինի համամարդկային արժեհամակարգի, ժողովրդավարության և օրենքի գերակայության դաժան պարտությունը Հայաստանում:

Արմենուհի Վարդանյան

Լուսանկարը՝ hetq.am-ի

Նորություններ