Պետրոս Պետրոսյանը` Մ23 ԵԱ-ի ոսկե մեդալակիր
Լեհաստանի Ռաշին քաղաքում ավարտված ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է երկամարտի 13-րդ ոսկե մեդալը։
Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր Պետրոս Պետրոսյանը (+109 կգ) հանդես է եկել Մ23 տարեկանների պայքարում ու երկամարտի 384 կգ (166+218) արդյունքով դարձել է հաղթող։ 21-ամյա ծանրորդը պոկում վարժությունից հետո միայն երրորդն էր ու 15 կիլոգրամով պարտվում էր ուկրաինացի Բոգդան Հոժային, սակայն հրում վարժությունում ոսկե մեդալ նվաճեց` հետ բերելով կորցրածը։
Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր նաև Յաշա Մինասյանը, որը երկամարտի 354 կգ (159+195 կգ) արդյունքով գրավեց 7-րդ տեղը։
Այսպիսով, Հայաստանը մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն ավարտեց` նվաճած 21 մեդալով։ Ավելի վաղ ոսկե մեդալակիր էին դարձել Գարիկ Կարապետյանը (Մ23, 109 կգ), Լիանա Գյուրջյանը (Մ23, 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (Մ20, 87 կգ), Ալեքսանդր Լազարյանը (Մ20, 102 կգ), Սուրեն Գրիգորյանը (Մ23, 89 կգ), Էմմա Պողոսյանը (Մ20, 81 կգ), Աննա Ամրոյանը (Մ20, 76 կգ), Ժորա Գրիգորյանը (Մ20, 55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (Մ20, 59 կգ), Գառնիկ Չոլակյանը (Մ23, 61 կգ), Գոռ Սահակյանը (Մ23, 73 կգ), Նարեկ Մկրտչյանը (Մ20, 81 կգ)։ Ռաֆիկ Մինասյանը (Մ20, 61 կգ), Մարգարիտա Առաքելյանը (Մ23, 87 կգ), Միլենա Խաչատրյանը (Մ23, 81 կգ), Աշոտ Մովսիսյանը (Մ20,109 կգ), Մերի Թումասյանը (Մ 23, +87 կգ) արժանացել են արծաթե, իսկ Կարեն Մարգարյանը (Մ23, 81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (Մ20, 89 կգ) և Մնացական Աբրահամյանը (Մ23, 89 կգ)` բրոնզե մեդալի։