Եվրոպայի առաջնորդները շնորհավորել են Սանդուին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ | Region

Եվրոպայի առաջնորդները շնորհավորել են Սանդուին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Նոյեմբեր 04,2024 15:01

Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ երկրի գործող նախագահ Մայա Սանդուն շնորհավորանքներ է ստացել մի շարք ղեկավարներից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր շնորհավորական ուղերձում հույս է հայտնել շարունակել աշխատանքը՝ «հանուն Մոլդովայի և նրա ժողովրդի եվրոպական ապագայի»։

«Հազվագյուտ ուժ է պահանջվում՝ հաղթահարելու այն դժվարությունները, որոնց Դուք բախվել եք այս ընտրություններում», – գրել է ֆոն դեր Լայենը X սոցիալական հարթակում։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նույնպես շնորհավորել է Մայա Սանդուին X-ում։

 

«Մոլդովացիները ևս մեկ անգամ ցույց տվեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու եվրոպական ապագա՝ չնայած ժողովրդավարությունը խաթարելուն ուղղված հիբրիդային փորձերին», – գրել է Բորելը։

Մոլդովայի վերընտրված նախագահ Մայա Սանդուին շնորհավորել է նաև Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը:

«Մայա Սանդուն Մոլդովայի Հանրապետությունը վստահորեն առաջնորդել է դժվարին ժամանակներում և իր երկիրը տարել եվրոպական ուղեգծով», – ասվում է X միկրոբլոգում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես X-ում շնորհավորել է Սանդուին վերընտրվելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ ժողովրդավարությունը «գերակայել է բոլոր միջամտությունների և մանևրների նկատմամբ»։

Սանդուին շնորհավորել են նաև Ռումինիայի վարչապետ Մարսել Չոլակուն, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Մայա Սանդուն ձայների ավելի քան 10 տոկոս առավելությամբ հաղթել է Մոլդովայի նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոյին, որը ներկայացնում է ընդդիմադիր ռուսամետ Սոցիալիստների կուսակցությունը։ Սանդուի օգտին քվեարկել է ընտրողների 55,3 տոկոսը, իսկ Ստոյանոգլոյի օգտին՝ 44,8 տոկոսը:

 

Նորություններ