ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք | Region

ՊԵԿ-ը բացահայտել է էլեկտրատեխնիկայի առևտրի ոլորտում շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք

Նոյեմբեր 05,2024 10:50

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 1,3 մլրդ դրամի ստվերային շրջանառության դեպք։

Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 7 բաժին տեղեկություններ էին ստացվել առ այն, որ  Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գործող կենցաղային սարքավորումների և էլեկտրատեխնիկայի առևտուր իրականացնող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում է կանխիկ գումար և չի տրամադրում ՀԴՄ կտրոն` այս կերպ խուսափելով  առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։

Օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով` ձեռնարկված համակողմանի և մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջացառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են։

Միջոցառումների շրջանակում, ընկերության տնօրենի կողմից հետագա հետազոտման նպատակով տրամադրվել են ներքին հաշվապահական փաստաթղթերը և աշխատանքային համակարգիչներում առկա օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները: Դրանց հետազոտման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021-2024 թվականների ընթացքում ընկերության կողմից թաքցվել է շուրջ 1,3 մլրդ դրամի իրացման շրջանառություն։

Ձեռքբերված փաստական տվյալների հիմքով՝  կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, ըստ որի՝ պետությանը պատճառվել է շուրջ 337 մլն դրամի վնաս։

Դեպքի առթիվ  հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաձեռնված վարույթի շրջանակում կատարվել են խուզարկություններ, առգրավվել են քրեական վարույթի համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթղթեր, համակարգիչներ և էլեկտրոնային կրիչներ։

 

 Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն  ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

Նորություններ