ԱՄՆ-ում նախագահ են ընտրում | Region

ԱՄՆ-ում նախագահ են ընտրում

Նոյեմբեր 05,2024 12:22

ԱՄՆ-ում այսօր նախագահի ընտրություններ են․սոցհարցումներով  Հանրապետական  թեկնածու Դոնալդ Թրամփի և դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի ձայները հավասար են

ԱՄՆ-ում այսօր նախագահի ընտրություններ են․ տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ այսօր որոշելու են, թե առաջիկա չորս տարիներին ով է ղեկավարելու երկիրը՝ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, թե՝ դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսը:

CNN-ը գրում է՝  փոխնախագահ Քամալա Հարիսը և նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունեն հաղթել յոթ նահանգներում  Միչիգան, Փենսիլվանիա և Վիսկոնսին, Արիզոնա, Ջորջիա, Նևադա և Հյուսիսային Կարոլինա։

Այս նահանգները որոշիչ դեր են ունենալու թեկնածուների հաղթանակի ճանապարհին։

Ամերիկայի ձայնի փոխանցմամբ՝ հարցումները ցույց են տալիս, որ Քամալա Հարիսի ու Դոնալդ Թրամփի միջև ընթանում է, ըստ էության, հավասար ընտրապայքար։

Քամալա Հարիսը իր քարոզարշավի վերջին օրերը անցկացրել է Միչիգան նահանգում՝ նախ Դետրոյթի ռեստորաններից մեկում հանդիպելով ընտրողներին, այնուհետև՝ ելույթ ունեցավ տեղի եկեղեցիներից մեկում՝ հայտարարելով, թե դեմոկրատներին հարող ընտրողներին են միացել հանրապետականներին ձայն տվողները:

«Իմ աչքերի առջև է մի ազգ, որը վճռել է շրջել ատելության և պառակտման էջը ու ընտրել արդարության ուղին: Իմ այցերի ժամանակ հանդիպել եմ ամերիկացիների՝ «կարմիր» նահանգներից մինչև «կապույտ» նահանգներ, որոնք պատրաստ են պայքարել հանուն արդարության»,- ասել է Հարիսը:

Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կարոլինայում էր, որտեղ իր աջակիցներին փոխանցեց՝ վստահ է ընտրություններում ինքն է հաղթելու․«Մենք կհաղթենք, քանի որ զգալի առաջ ենք։ Պարզապես անհրաժեշտ է երեքշաբթի օրը դուրս գալ և քվեարկե՛լ, քվեարկե՛լ, քվեարկե՛լ»,- նշել է Թրամփը՝ հավելելով, որ իր հակառակորդներն արդեն փորձում են կեղծել ընտրությունները:

Ըստ Ամերիկայի ձայնի՝ արդեն մոտ 80 միլիոն ամերիկացիներ քվեարկել են այս ընտրություններում՝ չորս տարի առաջ քվեարկած ԱՄՆ քաղաքացիների գրեթե կեսը։ The New York Times / Siena College-ի անցկացրած հանրային կարծիքի ամենից թարմ ուսումնասիրության համաձայն՝ թեկնածուների վարկանիշները բաժանվել են ճի՛շտ հավասար մասերի՝ Հարիսն ունի 48%, Թրամփը՝ 48% ձայն։

 

Նորություններ