Ռուբեն Սաֆրաստյան. «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պետք է մնա Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում»
Ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ԱԳՆ-ի առաջնահերթ խնդիրը չէ, ասում է՝ այս հարցը պետք է մնա ՀՀ ԱԳՆ օրակարգում, իսկ մասնագետները պետք է է՛լ ավելի խորությամբ ուսումնասիրեն մարդկության պատմության ամենասարսափելի և ողբերգական երևույթները։
Վերջերս ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ ԱԳՆ –ի թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Արարատ Միրզոյանը նաև ասել է՝ պատմության ողբերգական անցքերը՝ Հայոց Ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, արտաքին գործերի նախարարության օրակարգը չէ։
ՀՀ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունը Հայաստանում զայրույթ է հարուցել, իսկ թուրք քաղաքական գործիչների՝ լիակատար հավանությունը։
REGIONSTV-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը մեկնաբանելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն, ասաց՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը պետք է մնա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության օրակարգում. «Իսկ մենք՝ մասնագետներս՝ գիտնականները, ցեղասպանագետներն ու պատմաբանները պետք է է՛լ ավելի խորությամբ ուսումնասիրենք մարդկության պատմության ամենասարսափելի ու ողբերգական երեւույթներից մեկը։ Պայքարելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, բարձրացնելով այս հարցը՝ մենք դրանով առաջադեմ մարդկության առաջատարի դիրքերում ենք լինում, քանի որ ցեղասպանությունն ինքնին մարդկության պատմության, և ոչ միայն պատմության, ամենաողբերգական ու ամոթալի երեւույթներից է։ Մենք տեսնում ենք, որ ցեղասպանություններն այսօր կրկնվում են։ Ուստի, պայքարելով անցյալում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման համար, մենք նպաստում ենք հետագա ցեղասպանությունների կանխարգելմանը։ Այնպես որ, իմ կարծիքով, այս հարցը պետք է մնա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության օրակարգում»։
Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը, թե Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ստեղծելու պատմական հնարավորություն կա, Ռուբեն Սաֆրաստյանը հիշեցրեց՝ Էրդողանը բազմիցս ասել է, որ մենք լավ հնարավորություն ունենք տարածաշրջանում կայուն խաղաղության համար, բայց այստեղ դեռ անհրաժեշտ է բացել փակագծերը։
«Մենք գիտենք և տեսնում ենք, որ Թուրքիան նախկինում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ էր առաջ քաշում, հիմա էլ շարունակում է այդ քաղաքականությունը։ Իրականում, Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում դրական առաջընթաց կարող է լինել միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Փաստացի սա նախապայման է։ Կարծում եմ, որ այսպես կոչված կայուն խաղաղության հնարավորության մասին խոսելիս՝ Էրդողանը առաջին հերթին նկատի ունի, որ պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագիրը ստորագրվի։ Այնպես որ, պետք չէ ակնկալել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ ատաջընթաց Թուրքիայի կողմից, մինչև պայմանագիրը չստորագրվի»,- ընդգծեց Սաֆրաստյանը։
Կրկին վերադառնալով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, ըստ որի՝ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի ավելի քան 200 քկմ օկուպացված տարածքի հարցը կառավարությունը մտադիր է լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում, Ռուբեն Սաֆրաստյանը հույս հայտնեց, որ սահմանազատման գործընթացով հնարավոր կլինի լուծել Հայաստանի օկուպացված տարածքների ազատման հարցը։
«Թեև հիմա շատ դժվար է կանխատեսել, թե ինչպես կշարունակվի այս սահմանազատման գործընթացը, և ընդհանրապես, տեղի կունենա՞, թե՞ Ադրբեջանն ամեն կերպ այն կձգձգի։ Այնուամենայնիվ, հուսով եմ, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը կշարունակվի և այս գործընթացի ընթացքում հնարավոր կլինի խաղաղ ճանապարհով ազատագրել Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքները»,- ասաց թուրքագետը։
Զաբելա Ավագյան