Գորիսում սուր շնչառական վարակով հիվանդացության աճ է նկատվում | Region

Գորիսում սուր շնչառական վարակով հիվանդացության աճ է նկատվում

Նոյեմբեր 05,2024 21:33

Գորիսում սուր շնչառական վարակներն ակտիվացնել են։ Գրեթե բոլոր ընտանիքներում 1-ից ավելի հիվանդ կա, իսկ բազմազավակ ընտանիքներում թիվն ավելի մեծ է։ Հատկապես ակտիվություն է նկատվում նախակրթարանային տարիքի և դպրոցահասակ երեխաների շրջանում:

Թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի ժ/պ Սերգեյ Սվանեսյանի խոսքով՝ իրենց դպրոցում երեկվա տվյալներով բացակայել են 43-ը, բայց հիվանդության մասին ոչ մի տվյալ չունեն։

«Մոտ 700 աշակերտից այսօր դասապրոցեսին չի մասնակցել 40-ը։ Դասղեկները խոսել են ծնողների հետ, բացակայության տարբեր պատճառներ են նշվել, բայց հիվանդության մասին ոչ մեկը չի հայտնել»,-հայտնեց նա։

«400 աշակերտից 12 բացակա ենք ունեցել, որոնցից 7-ն են նշել, որ հիվանդ են, մյուս 5 աշակերտի ծնողներն էլ այլ պատճառներ են նշել։ Նոյեմբերի 1-ից ամեն օր բացակաների թիվը ներկայացնում ենք մարզպետարանի համապատասխան բաժին, այսօրվա դրությամբ դրանք մեծ թիվ չեն կազմում»,-նշեց  Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենի ժ/պ Օլյա Ալեքսանյանը։

Այլ պատկեր է Գորիսի ԲԿ-ի մանկական բաժանմունքում։ Սուր շնչառական վարակների ախտանիշներով հիվանդանոցային և ցերեկային ստացիոնար բուժում է ստանում օրվա ընթացքում մոտ 40 երեխա։

Մանկական բաժանմունքի վարիչ Սոնա Անտոնյանի և թիմի կողմից կատարված աշխատանքների արդյունքում ոչ մի երեխա դուրս չի մնում բուժման գործընթացից։

«Տարվա ընթացքում մանկական բաժնում միշտ էլ ակտիվությունը բարձր է։ Սակայն սեզոնային վարակների ընթացքում այն ավելի է ակտիվանում։ Բուժանձնակազմը պատրաստակամորեն աշխատում է, որ հասցնենք և բուժել հիվանդներին, և քարտերը լրացնենք (ժպտում է)»։

Թերապևտիկ բաժանմունքի վարիչ Շողիկ Թունյանի խոսքով՝ օրվա կտրվածքով իրենց բաժնում բուժսպասարկում են անցնում սուր շնչառական վարակով հիվանդացած 8-10 բնակիչ։

«Գիտե՞ք, մեծերը դիմում են, երբ արդեն վատ վիճակում են։ Երեխաներին ծնողներն արագ բժշկի են տանում, բայց իրենց չեն հետևում։ Շատերն էլ տնական միջոցներ են շատ կիրառում։ Ամեն դեպքում մեզ դիմելիության թիվն այդքան էլ մեծ չէ»,-տեղեկացրեց Թունյանը։

ՀՎԿԱԿ Սյունիքի մարզային կենտրոնի Գորիսի լաբորատորիան ամենօրյա վերահսկողություն է իրականացնում հատկապես նախակրթարաններում և դպրոցներում։

«Ամեն օր բոլոր ուսումնական հաստատություններից բացակա երեխաների թվերը ճշտվում են և փոխանցվում նախարարություն։ Եթե համաճարակի խնդիր լինի, նախարարությունը քայլեր կձեռնարկի։ Չեմ կարծում, որ այս պահին անհանգստանալու կարիք կա»,-հայտնեցին Գորիսի լաբորատորիայից։

Այնուհանդերձ, խնդիրն առկա է ոչ միայն Գորիսի և տարածաշրջանի բոլոր բնակավայրերում, այլև մարզի մյուս համայնքներում ևս։

Արևիկ Աբելյան

Նորություններ