«Նվեր Կրեմլին». Թրամփի հաղթանակից հետո անորոշություն Ուկրաինայի ապագայի շուրջ․միջազգային մամուլը՝ Թրամփի հաղթանակի մասին
Միջազգային մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ արդեն վերլուծություններ են անում, թե ինչ զարգացումներ կարող են լինել ռուս-ուկրաինական պատերազմում
Դոնալդ Թրամփի ընտրվելով Ուկրաինան հնարավոր է շուտով պետք է հարմարվի, որ ԱՄՆ-ն կտրուկ կրճատելու է աջակցությունը, ինչը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ ռուս-ուկրաինական պատերազմի վրա։ Գրում է CNN-ը։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Հանրապետական նախագահն ու նրա գործընկերն ու փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսը լուրջ կասակծներ են հայտնել ԱՄՆ-ի՝ Կիևի նկատմամբ շարունակական հավատարմության վերաբերյալ, քանի որ պատերազմը ձգվում է երկու տարուց ավելի։
Թրամփը հայտարարություն է արել, որից կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել Ուկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ բարդ հաշտություն կնքելու համար։
Լրատվամիջոցը գրում է՝ Թրամփի հաղթանակը այս հակամարտությունում Ուկրաինայի համար անհուսալի շրջանում է տեղի ունենում․ ՌԴ-ն Դոնբասում մեծ հաջողություններ ունի, որոնք ցանկանում է ամրապնդել։
Тhe New York Times-ը գրում է, որ Թրամփի հաղթանակն Ուկրաինայի համար փոփոխություն է ազդարարում, թե ինչ փոփոխություն, պարզ չէ։
«Որպես ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփը ժառանգում է Ուկրաինայի գլխավոր բարերարի դերը։ Սակայն նա թերահավատորեն է վերաբերվում Կիևին օգնություն ցուցաբերելու շարունակականությանը»,-գրում է NYT-ը։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը կսկսի պաշտոնավարել ԱՄՆ-ի՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը շարունակելու թերահավատությամբ, եթե ոչ բացահայտ թշնամանքով։ Նա խոստացել է, որ կարող է մեկ օրում վերջ դնել պատերազմին, սակայն չնշելով, ինչպես։
«Նվեր Կրեմլին». Թրամփի հաղթանակից հետո անորոշություն Ուկրաինայի ապագայի շուրջ: Այսպես է վերնագրել TheGuardian-ը Թրամփի հաղթանակի ազդեցությունը ռուս-ուկրաինական պատերազմի վրա վերլուծությունը։
Լրատվամիջոցը գրում է՝ ոմանք մտավախություն են հայտնում ԱՄՆ-ի՝ Ուկրաինային աջակցության վերաբերյալ, իսկ մյուսներն ասում են, որ երկիրն արդեն դժվարություններ ունի։
«Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Ուկրաինան ընկղմվեց հուսահատության և անորոշության մեջ՝ սպասումներով, որ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կդադարեցնի ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, այն դեպքում, երբ Կրեմլը հայտարարել է, որ հարևանին նվաճելու իր նպատակն անփոփոխ է»,-գրում է TheGuardian-ը:
Երեկ ԱՄՆ-ում նախագահի ընտրություններում հաղթել է Հանրապետական Դոնալդ Թրամպը, նա հավաքել է ընտրիչների 276 ձայն, իսկ նրա մրցակից դեմոկրատ Քամալա Հարիսը՝ 223։
Հանրապետականները հաղթել են նաև Սենատում և Ներկայացուցիչների պալատում։