«Հյուսիս–հարավ»-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար ևս 236 մլն եվրոյի վարկ կներգրավի․առաջին անգամ ՀՀ-ում կանաչ կամուրջներ են կառուցվելու | Region

«Հյուսիս–հարավ»-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար ևս 236 մլն եվրոյի վարկ կներգրավի․առաջին անգամ ՀՀ-ում կանաչ կամուրջներ են կառուցվելու

Նոյեմբեր 07,2024 12:41

Գնել Սանոսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ունենք Սիսիան-Քաջարան հատված, որը շուրջ 60 կմ է, որտեղ նախատեսված է կառուցել 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջ, 12.5 կմ երկարությամբ 9 թունել, որոնցից մեկը կլինի ամենաերկարը՝ 8.6 կմ կլինի։

«Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման համար ՀՀ կառավարությունը 236 մլն եվրոյի վարկ կներգրավի:Որոշումն այսօր հաստատվեց կառավարության նիստում։ Գործադիրը հավանություն տվեց ՀՀ  և Եվրոպական ներդրումային բանկի միջև ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը:

Նախագիծը զեկուցող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ունենք Սիսիան-Քաջարան հատված, որը շուրջ 60 կմ է, որտեղ նախատեսված է կառուցել 4.7 կմ երկարությամբ 27 կամուրջ, 12.5 կմ երկարությամբ 9 թունել, որոնցից մեկը կլինի ամենաերկարը՝ 8.6 կմ կլինի:

«Այս ճանապարհահատվածի կառուցումը կբերի նրան, որ գործող ճանապարհը կկրճատվի 54 կմ-ով, որն էլ 1.5-2 ժամով կկրճատի ժամանակահատվածը: Հիմա այդ հատվածում երթևեկության միջին արագությունը 50 կմ/ժ է, կառուցումից հետո կդառնա 100 կմ/ժ։ Այս ճանապարհը կառուցելիս առաջին անգամ Հայաստանում կկառուցենք կանաչ կամուրջներ, որոնք կապահովեն կենդանիների միգրացիոն անխափան հոսքերը»,-Սանոսյանը:

Նրա խոսքով՝ ծրագիրը բաղկացած է 3 մասից՝ հյուսիսային հատված՝ 27 կմ, հարավային հատված՝ 24.2 կմ և Բարգուշատի թունել՝ 8.6 կմ․«Այս ծրագրի շրջանակներում մենք ամիսներ առաջ նման մեկ որոշման արդեն հավանություն տվել ենք: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ 236 մլն եվրոյի համաձայնագիրը կնքվել է, այն հիմա գտնվում է ԱԺ-ում: Սա երկրորդն է արդեն մյուս գործընկերոջ՝ Եվրոպական ներդրումային բանկի հետ: 236 մլն եվրոյի մասին է խոսքը»։

Նաև երրորդ գործընկերոջ՝ Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներն ընթացքի մեջ են, և ինչպես ասաց նախախարը՝ առաջիկա ամիսներին նույն գործընթացով կանցնեն․«Ընդհանուր վարկային մասը կկազմի 708 մլն եվրո, իսկ կառավարության մասնաբաժինը՝ 150 մլն եվրո: Հիմա ԵՄ գործընկերների հետ քննարկում ենք այս ծրագրի դրամաշնորհային մասը»:

Ըստ նախագծի՝ շինարարությունը նախատեսվում է իրականացնել մինչև 2031 թվականը, իսկ ընդհանուր ծրագրի ավարտը նախատեսվում է 2033 թվականին:

Նախարարը վստահեցրեց՝ երեք հատվածների համար նախագծերը կան, վերընշված  փուլերն անցնելուց հետո կսկսեն մրցութային գործընթացները։

Նիկստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ նախագծերը փորձաքննության բոլոր փուլերն անցե՞լ են, դոնորների համար ընդունելի նախագծե՞ր են։ Ի պատասխան Սանոսյանն ասաց՝ այո, հիմա գտնվում ենք հողերի օտարման գործընթացում, որի համար հաջորդ տարվա բյուջեում նախատեսված է գումար։

Նորություններ