Հաշմանդամություն ունեցող անձինք ամենաշատը Շիրակի մարզում են, ոչ թե Արմավիրում․ նախարարի անորոշ հիմնավորումը՝ 857 մլն դրամ ծախսելու համար | Region

Հաշմանդամություն ունեցող անձինք ամենաշատը Շիրակի մարզում են, ոչ թե Արմավիրում․ նախարարի անորոշ հիմնավորումը՝ 857 մլն դրամ ծախսելու համար

Նոյեմբեր 09,2024 08:53

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում ոլորտին հատկացվող բյուջետային ծախսերի քննարկման ժամանակ մանիպուլացրել է հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ  վիճակագրական տվյալները։

Մասնավորապես, 2025 թվականի պետական բյուջեով «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում» ծրագրի ուղղությամբ նախատեսվում է հատկացնել շուրջ 3.3 մլրդ դրամ։ Այս գումարից 857 մլն դրամ տրամադրվելու է հաշմանդամություն ունեցող անձանց համար նոր անկախ կյանքի կենտրոն կառուցելու նպատակով։ Անկախ կյանքի կենտրոնը լինելու է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում, այսինքն՝ այն մարզում, որտեղից հենց նախարարն է։

Նախարար Նարեկ Մկրտչյանը բացատրել է՝ ինչու այդ կենտրոնը կհիմնվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում․ «Ինչո՞ւ Մեծամոր համայնքը, որովհետև գիտեք՝ Հայաստանի Հանրապետության բնակչության առումով ամենաշատ կենտրոնացված մարզը Արմավիրի մարզն է, և բավականին մեծ թվով հաշմանդամություն ունեցող անձինք ապրում են այդ մարզում, և ամենաքիչ ծառայություններն էլ կան հենց այդ մարզում»։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է  վիճակագրական տվյալները և պարզել, որ Արմավիրի մարզն ամենևին էլ բնակչությամբ «ամենաշատ կենտրոնացված» մարզը չէ, և այդ մարզում, ի տարբերություն այլ մարզերի, հաշմանդամություն ունեցող անձինք «բավականին մեծ թիվ» չեն կազմում, ինչպես հայտարարել էր նախարարը։

Այսպես, 2022 թվականի մարդահամարի տվյալներով, Արմավիրի մարզում ապրում է 224,174 մարդ՝ ավելի քիչ, քան, օրինակ, Կոտայքի մարզում, որտեղ բնակչության թիվը, ըստ նույն տվյալների, կազմել է 242,695։ Արարատի մարզում, նկատենք, բնակչության թիվը գրեթե նույնական է Արմավիրի մարզին՝ 224,332։

Հայաստանի վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2022-ին Արմավիրի մարզում հաշվառվել է հաշմանդամություն ունեցող 13,667 բնակիչ, իսկ 2023-ի հուլիսի 1-ի դրությամբ՝ 13,314։

Աղբյուրը՝ Վիճակագրական ծառայություն

Ըստ ՎԾ տվյալների, 2022-ին հաշմանդամություն ունեցող անձինք բավական շատ են եղել Շիրակի մարզում՝ 18,716, այնուհետև՝ Լոռու մարզում՝ 18,546։ Հաշմանդամություն ունեցող անձանց ամենաշատ թվով երրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 18,415, 4-րդ տեղում՝ Արարատի մարզը՝ 18,278։ 2023 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ևս պատկերը չի փոխվել։

Աղբյուրը՝ Վիճակագրական ծառայություն

Այսինքն՝ ըստ Վիճակագրական ծառայության տվյալների, Արմավիրի մարզը հաշմանդամություն ունեցող անձանց թվով ամենացածր դիրքերում է և չի կարող համարվել տարածք, որտեղ, ինչպես նախարարն էր ասում, «բավականին մեծ թվով» հաշմանդամություն ունեցող անձինք կան։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նորություններ