Բաքուն որոշակի քաղաքական գիծ ունի, որի վերջնանպատակը Հայաստանի չլինելն է. քաղաքագետ
Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ, այլ Հայաստանի հետ հակամարտությունը շարունակելու նոր հնարավորություն ստանալը: REGIONSTV-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Կարեն Իգիթյանը:
«Իրենք որոշակի քաղաքական գիծ ունեն, որի վերջնանպատակը Հայաստանի չլինելն է: Մենք պետք է նայենք՝ ինչպես են իրենք դաստիարակել ու դաստիարակում իրենց սերունդներին, ինչ գրքեր են թողարկում, ինչ է գրված իրենց պաշտոնական կայքերում. սրանք դիտարկելու դեպքում ամեն ինչ պարզ է դառնում»,- նշեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է Երևան-Բաքու առանց միջնոդների բանակցությանը, Կարեն Իգիթյանի կարծիքով՝ Բաքուն պարտված Հայաստանի հետ խոսում է ուժի դիրքերից, և այս դեպքում պետք էր երրորդ կողմ, որը կզսպեր Ադրբեջանի ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականությունը:
«Ադրբեջանը փորձում է առանց պատերազմի, ռազմական սպառնալիքով ստանալ իր ցանկացածը, և երբ ստանա, անցնելու է հաջորդ փուլին, դրա համար էլ պատարստ չէ որևէ փաստաթուղթ ստորագրել»,-նշեց քաղաքագետը: