Բաքվում GOP29-ին ավելի քիչ մասնակից կլինի նախորդ տարի Դուբայում անցակցված GOP 28-ի համեմատ | Region

Բաքվում GOP29-ին ավելի քիչ մասնակից կլինի նախորդ տարի Դուբայում անցակցված GOP 28-ի համեմատ

Նոյեմբեր 10,2024 20:30

Բաքու COP29. Վերլուծաբանները նշում են, որ այս հեղինակավոր միջոցառումն անցկացնելով՝ Ադրբեջանը փորձում է «սպիտակեցնել» իր վարկը, օրինականացնել արցախահայության էթնիկ զտումներն ու արդարացնել մարդու իրավունքների կոպիտ խախտումները

 

Վաղը՝ նոյեմբերի 11-ին, Բաքվում մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը՝ COP 29-ը։ Սա աշխարհի ամենանշանակալի իրադարձություններից մեկն է, որը միավորում է պետություններին, փորձագետներին, ակտիվիստներին և հանրությանը` քննարկելու կլիմայի փոփոխության գլոբալ խնդիրները:

Ադրբեջանի նախագահի օգնականը նոյեմբերի 8-ին հայտարարել է, որ COP29-ին մասնակցելու համար արդեն գրանցվել է 67 հազար մարդ։

Թեև ՄԱԿ-ի համաժողովին մասնակցել ցանկացողների թիվը սովորաբար ամեն տարի ավելանում է, այս տարի հնարավոր մասնակիցների թիվը նվազել է։

Այսպես՝ ​​երկու տարի առաջ  Եգիպտոսում COP27-ին հյուրընկալել է 35,000 մասնակիցների, ավելի քան 100 պետությունների և կառավարությունների ղեկավարների, իսկ անցյալ տարի Դուբայի  COP28-ը հյուրընկալել է  85,000 մասնակից, այդ թվում՝ 150 պետությունների և կառավարությունների ղեկավարների։

Վերջին ամիսներին միջազգային մամուլը լի էր այս ավտորիտար երկրում COP29-ի անցկացման նպատակահարմարության վերաբերյալ հոդվածներով։ Վերլուծաբանները  նշում են, որ այս հեղինակավոր միջոցառումն անցկացնելով՝ Ադրբեջանը փորձում է «սպիտակեցնել» իր իմիջը, օրինականացնել արցախահայության էթնիկ զտումները և արդարացնել մարդու իրավունքների կոպիտ խախտումները։

«Democracy For Sale» կազմակերպության հետաքննող լրագրողը բացահայտել է, որ Ադրբեջանը  4,7 միլիոն դոլար է վճարել բրիտանական լոբբիստներին՝ օգնելու «Ադրբեջանի բռնատիրական ռեժիմին բարձրացնել իմիջը COP 29-ից առաջ»։

Միջազգային մամուլի հրապարակումներն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներն անհետևանք չմնացին։  Այսպես, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն միջազգային կազմակերպությունը բազմիցս նշել , որ Ադրբեջանը նախատեսում է առաջիկայում ավելացնել գազի արդյունահանումը: տասնամյակ երեք անգամ, ինչը հակասում է բնապահպանական օրակարգին։ Նախորդ COP28 կոնֆերանսը խոսեց հանածո վառելիքի սպառման աստիճանական դադարեցման մասին: Transparency International-ի համար տարակուսել է  նաև այն փաստը, որ COP29-ը կնախագահի պաշտոնյա Մուխթար Բաբաևը, ով մինչև Ադրբեջանի շրջակա միջավայրի նախարար դառնալը ավելի քան 20 տարի աշխատել է SOCAR պետական ​​նավթային ընկերությունում։

Հայաստանի ««Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ը  ՀՀ ՔԿՀ-ների համատեղ հայտարարություն է տարածել Բաքվում անցկացվելիք COP29-ի մասին։

«Ժամանակի վատնում». համաշխարհային առաջնորդները հրաժարվում են մասնակցել Բաքվի COP29-ին  գրում է Euronews-ը։

Ալիեւի համար շատ կարևոր էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությունը։ Նա Ալիևի հետ պայմանագիր է ստորագրել ադրբեջանական գազի մատակարարման վերաբերյալ, սակայն ԵՄ-ն արդեն կասկածներ ունի, որ Ադրբեջանը ռուսական գազ է արտահանում ԵՄ։

Նախատեսված էր, որ գագաթնաժողովի բացման օրը ելույթ կունենա Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, սակայն նա հրաժարվեց մասնակցել գագաթնաժողովին։ Բաքուն քննադատել է Եվրամիության ղեկավարությանը  COP29-ին չմասնակցելու համար։  Ալիևն էլ չմասնակցեց նոյեմբերի 7-ին Բուդապեշտում կայացած Եվրոպական քաղաքական միության գագաթնաժողովին։

Բաքվի միջոցառմանը Եվրամիությունը կներկայացնի Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ COP29-ին կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Ավելի քան 100 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Չեխիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լեհաստանը, Իսպանիան, Իսրայելը, Թուրքիան և Պակիստանը, հայտարարել են, որ մասնակցելու են ֆորումին։

Գագաթնաժողովը բոյկոտող առաջին երկրներից մեկը Պապուա Նոր Գվինեան էր։ COP29-ը բաց կթողնեն նաև ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Հնդկաստանի, Ճապոնիայի, Բրազիլիայի, Մեքսիկայի և Ավստրալիայի ղեկավարները։

ՄԱԿ-ի այս գագաթնաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի, նրա փոխարեն կմասնակցի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը.

Politico-ին տված հարցազրույցում ԵՄ-ում Ուկրաինայի դեսպան Վսևոլոդ Չենցովը կոչ է արել միջազգային հանրությանը բոյկոտել COP29-ը Ադրբեջանում, եթե դրան մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Bloomberg-ի փոխանցմամն՝  Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նույնպես չի մասնակցի կլիմայական գագաթնաժողովին։

Փոխվել են նաև Իրանի նախագահի  ծրագրերը՝ նա  հետաձգել է իր այցը Ադրբեջան։ Մերժման պատճառը կարող է լինել Իսրայելից պատվիրակության մասնակցությունը։

Ադրբեջանը ԵԽԽՎ տասնյակ պատգամավորներ հայտարարեց «պերսոնա նոն գրատա» և արգելեց նրանց մուտքը երկիր։ Մինչ այդ Եվրախորհրդարանի 52 պատգամավոր ստորագրել էին  հայտարարություն, որով կոչ էին անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին ու գերեվարված անձանց, այդ թվում՝  Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը,  ապահովել, որ Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը, ներառյալ վանքերը, խաչքարերը, մնան անձեռնմխելի և զերծ «ալբանացումից», ինչպես նաև պատմության վերախմբագրումից, ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից և ցանկացած ագրեսիայից, դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։

Բացի այդ,  միջազգային իրավապաշտպան 17 կազմակերպություններ համատեղ հայտարարություն էին  տարածել, որում նշվում է,  որ  ԵՄ առաջնորդները Ադրբեջանի իշխանությունների առջև պետք է անմիջապես խնդիր դնեն ազատ արձակելու   ադրբեջանցի քաղբանտարկյալներին, իրավապաշտպաններին, անկախ լրագրողներին և լրատվամիջոցների աշխատողներին, որոնք կեղծ քրեական գործերով քրեական հետապնդման են ենթարկվում։

Բաքվից   COP29-ին մասնակցելու հրավերը ստացել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը, սակայն ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը երեք օր առաջ հայտարարել է՝ «COP29-ին մասնակցելու մասին որոշում դեռ կայացված չէ։ Մինչ նյութի հրապարակումը ՀՀ ԱԳՆ-ն դեռ որևէ հայտարարություն չի տարածել մասնակցել-չմասնակցելու մասին։

Զաբելա Ավագյան

Նորություններ