«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար է դարձել Արմինե Աֆեյանը
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն է դարձել Արմինե Աֆեյանը: Այս մասին հայտնում են «Ավրորա»-ի գրասենյակից, նշելով, որ այս պաշտոնում Արմինե Աֆեյանը կփոխարինի Արման Ջիլավյանին, որը կազմակերպությունն առաջին տասնամյակում լավագույնս ղեկավարելուց հետո միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տնօրենների խորհրդին՝ որպես փոխնախագահ:
«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արման Ջիլավյանին՝ իր առաջնորդության եւ «Ավրորայի» առաքելությանն անմնացորդ նվիրման համար: Արմանի հանձնառությունն օգնել է ընդլայնել «Ավրորայի» ազդեցությունն ամբողջ աշխարհում, եւ մենք վստահ ենք, որ նա կշարունակի ջանքեր ներդնել՝ արդեն որպես «Ավրորայի» տնօրենների խորհրդի փոխնախագահ »,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։
Արմինե Աֆեյանն «Ավրորայի» թիմին էր միացել նաև 2023 թվականին, նախկինում՝ 2015-2016 թթ., նա եղել է կազմակերպության հանրային կապերի պատասխանատուն: «Ավրորա»-ից բացի, տիկին Աֆեյանն աշխատել է սպառողական ուղղվածությամբ տեխնոլոգիական ընկերություններում, այդ թվում՝ որպես գլխավոր կառավարիչ՝ Wayfair ընկերությունում:
«Արմինեի ղեկավարման փորձը թե՛ հանրային, թե՛ մասնավոր ոլորտում եւ նրա մեծ խանդավառությունը մարդասիրական աշխատանքի հանդեպ թույլ կտան նրան կազմակերպությունն առաջնորդել դեպի ազդեցություն գործելու մի նոր փուլ: Վստահ եմ, որ Արմինեի ղեկավարությամբ «Ավրորա»-ն կշարունակի հույս ներշնչել մարդկանց եւ մղել գործողության դժվարին պայմաններում՝ ընդլայնելով շարժումն աշխարհի բոլոր անկյուններում »,- նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանը:
Արմինե Աֆեյանն իր խոսքում ընդգծել է՝ անչափ հպարտ է գործով արտահայտելու իր երախտագիտությունը՝ լինելով «Ավրորա»-ի մի մասնիկն այս կարեւոր ժամանակահատվածում:
«Մեծ պատվով եմ հետեւելու Արմանի օրինակին՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, եւ շարունակելու գործել այն ամուր հիմքի վրա, որը դրվել է կազմակերպության գործունեության առաջին տասնամյակում: Քանի որ մենք պատրաստվում ենք նշել «Ավրորայի» 10-ամյակը 2025 թվականին, մեծ է իմ ոգեւորությունն աշխատելու մեր համաշխարհային գործընկերների եւ աջակիցների հետ, որպեսզի ընդլայնենք մեր ազդեցությունն ու ծրագրերը, աջակցենք մարդասերների հաջորդ սերնդին»,- ասել է նա:
Ավելի վաղ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել էր, որ նախաձեռնության երեք համահիմնադիրներին՝ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին եւ Ռուբեն Վարդանյանին է միացել Էրիկ Էսրայիլյանը՝ օգնելու նախաձեռնությանը շարունակել իր առաքելությունը գործունեության հաջորդ փուլում: Որպես «Ավրորա»-ի տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորա»-ի լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ՝ դոկտոր Էսրայիլյանն իր ունեցած ազդեցությունն ու առաջնորդական փորձը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, արդյունաբերության, բարեգործության եւ մարդու իրավունքների պաշտպանության, կկիրառի իր նոր դերում եւ կաջակցի նախաձեռնության զարգացմանը՝ գործունեության տասնամյակին ընդառաջ եւ հետո:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Բացահայտելով եւ աջակցելով մերօրյա հերոսներին, պատմելով նրանց խիզախ աշխատանքի մասին եւ օգնելով շարունակել այն՝ «Ավրորա»-ն զգալի ազդեցություն է գործել խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքի վրա: