Աննա Հակոբյանի «տանզանյան շրջագայությունը» պատգամավոր եղբայրը չի մեկնաբանում | Region

Աննա Հակոբյանի «տանզանյան շրջագայությունը» պատգամավոր եղբայրը չի մեկնաբանում

Նոյեմբեր 12,2024 15:02

 Վարչապետի կինը սոցիալական ցանցում նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմի հրադադարի կնքման օրը՝ Հայաստան-Ադրբեջան-ՌԴ եռակողմ հայտարարության օրը, երբ Արցախի զգալի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողությանը,  աֆրիկյան այցից լուսանկարներ է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին․ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հրաժարվեց մեկնաբանել, թե  ինչու է քույրը՝  Աննա Հակոբյանը Հայաստանի պատմության ողբերգական օրը նոյեմբերի 9-ին  աֆրիկյան այցից լուսանկարներ հրապարակել։

Վարչապետի կինը սոցիալական ցանցում նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմի հրադադարի կնքման օրը՝ Հայաստան-Ադրբեջան-ՌԴ եռակողմ հայտարարության օրը, երբ Արցախի զգալի մասն անցավ Ադրբեջանի վերահսկողությանը,  աֆրիկյան այցից լուսանկարներ է հրապարակել։

Այդ լուսանկարները վերահրապարակել է վարչապետի ընտանիքին պատկանող   «Հայկական ժամանակը», գրելով՝  Աննա Հակոբյանն ընկերների և դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ է։

Ինստագրամում հրապարակված Աննա Հակոբյանի լուսանկարներից մեկը մակագրված է՝ «Ես և իմ լավագույն ընկերները», «Սաֆարիի աղջիկները»։

«Փաստ»-ը գրել է, որ  Տանզանիայի խոշորագույն՝ Nyerere National Park-ում արված լուսանկարում Աննա Հակոբյանից ու Մարիամ Փաշինյանից զատ ևս երկու կանայք են, նրանք բժիշկ Գոհար Պետրոսյանն ու նրա դուստր՝ Լինդա Կոստանովայան է։ Ըստ նույն աղբյուրի՝ սոցիալական ցանցերից պարզ է դառնում, որ Գոհար Պետրոսյանը Աննա Հակոբյանի ընկերուհին է, իսկ նրա ամուսինը ռուսաստանցի մեծահարուստ Իգոր Կոստանովն է:

« Ըստ մի շարք օգտատերերի, հենց վերջինս էլ ֆինանսավորել է Աննա Հակոբյանի և նրան ուղեկցողների աֆրիկյան հանգիստը: Ի դեպ, օգտատերերը նաև նշում էին, որ նկարում երևացող Լինդա Կոստանովային «տեղավորել են հարկայինում»: Հավելենք, որ երեկ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ, ըստ տուրիզմի ոլորտի մասնագետների, երկու հոգու նման «տանզանյան հանգիստը» արժե մոտ 6000 դոլար»,-գրել է «Փաստը»։

Այսօր լրագրողները Հրաչյա Հակոբյանից հետաքրքրվեցին՝ արդյոք շահերի բախում չկա, երբ իր քրոջ՝ վարչապետի տիկնոջ տանզանյան շրջագայությունը հովանավորում է ռուսաստանացի գործարարը, ինչին ի պատասխան Հակոբյանը պատասխանեց․«Ճիշտն ասած՝ տենց մանրամասներ չգիտեմ՝ ում հետ, ում հաշվին։ Եթե դուք գիտեք, միգուցե դուք էլ կիմանաք՝ շահերի բախում կա, թե՝ չկա։ Ես  այդպիսի մանրամասների տեղյակ չեմ»։

Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այն, որ այդ լուսանկարները Աննա Հակոբյանը հրապարակել է նոյեմբերի 9-ին , երբ հազարավոր մարդիկ այդ օրը այցելում են Եռաբլուր՝ իրենց որդիների և հարազատների շիրիմներին, իսկ առաջին տիկինը՝ տանզանյան շրջագայությունից ուրախ լուսանակներ է հրապարակում, Հակոբյանը չմեկնաբանեց, նշելով՝ ես չեմ տեսել, չգիտեմ՝ երբ է հրապարակվել, չեմ մեկնաբանի։

Նշենք, որ այս պահին Ինստագրամում Աննա Հակոբյանի պաշտոնական էջում նման լուսանկարներ չկան։

Նորություններ