Ընդդիմությունը փորձում է բանտարկյալների հարցը վերածել քաղաքական կապիտալի․ ՔՊ-ն տապալեց հայ գերիների վերաբերյալ հայտարարության ընդունումը | Region

Ընդդիմությունը փորձում է բանտարկյալների հարցը վերածել քաղաքական կապիտալի․ ՔՊ-ն տապալեց հայ գերիների վերաբերյալ հայտարարության ընդունումը

Նոյեմբեր 12,2024 17:45

ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը  չմասնակցեց քվեարկությանը։ Հայտարարության նախագծին կողմ է արտահայտվել ընդամենը 30 ընդդիմադիր պատգամավոր։

Խորհրդարանական ընդդիմության՝ «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որը ներկայացվել էր հրատապ քննարկման շրջանակներում, խորհրդարանն այսօրվա  նիստում չընդունեց։

ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը  չմասնակցեց քվեարկությանը։ Հայտարարության նախագծին կողմ է արտահայտվել ընդամենը 30 ընդդիմադիր պատգամավոր։

«Նախաձեռնությունն ուղղված է բացառապես դրսի լսարանին»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։Նա, դիմելով Ադրբեջանի իշխանություններին, ասաց․ «Ուզում եմ հիշեցնել, որ ելնելով միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար դրույթներից՝ Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերիներին»։

Աբրահամյանը նշեց՝ միջազգային մարդասիրական նորմերի կոպտագույն խախտումները ինչպես պետության, այնպես էլ ռազմաքաղաքական ղեկավարների համար առաջացնում են միջազգային պատասխանատվություն՝ առանց վաղեմության ժամկետի․«Միջազգային պրակտիկան նաև սահմանում է, որ երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքումը ենթադրում է, որ նրանց միջև տեղի է ունեցել գերիների, ռազմագերիների վերադարձ, դա համարվում է խաղաղության հասնելու առաջին քայլը»։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը գերեվարված անձանց հարցն օգտագործում է ՀՀ-ից զիջումներ կորզելու համար։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ իր ելույթում ասաց՝ այս նախաձեռնությունը առիթ է, որ մենք ճիշտ պահն օգտագործենք, արձագանքենք այն կարևորագույն խնդրին, որն առաջացել է մեր ռազմագերիների հետ կապված հարցով․«Այս առումով Հայաստաանի հանրապետության պաշտոնական, հրապարակային, ամբողջական և լիարժեք տեսակետ չի հնչել»։

Ու քանի դեռ այս պաշտոնական դիրքորոշումը չի հնչել հստակ, ըստ Ռուստամյանի, լոբբիստական աշխատանքները դժվարությունների են բախվում։

«COP29-ով այս գործընթացը չի ավարտվելու, այն առիթ էր այս համաշխարհային զորաշարժը փորձել իրականացնել, և այս իմաստով ՀՀ-ի կրավորական պահվածքը բոլորովին բացատրելի չէ։ Մենք չենք կարող սպասել՝ իբր թե Ադրբեջանում արդարադատության։ Ադրբեջանն այսօր ԵԽ-ից է վտարված մեկ տարով հենց այն պատճառով, որ գնահատվել է, որ ունի լուրջ խնդիրներ դատական համակարգում։ Ադրբեջանի կողմից Արցախի ռազմաքաղաքական իշխանությանը դատելը արցախահայությանը հավաքական իմաստով դատել է նշանակում, քանի որ նրանք Արցախի ժողովրդի կողմից ընտրված ղեկավարներ են։ Պիտի թույլ չտանք, որ Ադրբեջանը հանգիստ, խաղաղ իր նպատակներն իրականացնի»,-ասաց պաատգամավորը։

«Ընդդիմությունը փորձում է բանտարկյալների հարցը վերածել քաղաքական կապիտալի»,- խորհրդարանի ամբիոնից քննարկումների ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նրա կարծիքով՝ հայ ռազմագերիների վերադարձը կախված է ոչ թե խորհրդարանական ժողովից ու ներկայացված հայտարարության նախագծից, այլ երկրի իշխանությունների դիվանագիտական ​​աշխատանքից։

Նորություններ