Բնակվարձից մինչև կենսաթոշակներ. ի՞նչ խնդիրների են բախվում բռնիտեղահանված արցախցիները | Region

Բնակվարձից մինչև կենսաթոշակներ. ի՞նչ խնդիրների են բախվում բռնիտեղահանված արցախցիները

Դեկտեմբեր 11,2023 20:44

Բռնի տեղահանումից անմիջապես հետո կառավարության առաջին աջակցությունն արցախցիներին միանվագ 100 հազար դրամն էր ընտանիքի յուրաքանչյուր անդամին. ավելի քան 109 հազար մարդ այս աջակությունն արդեն ստացել է, բայց ծրագիրը դեռ ամփոփված չէ:

Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության և այլ վճարներ վարչությաւն պետը: Անահիտ Գալստյանի խոսքով՝  ծրագիրը շուտով ավարտվելու է, վերջին դիմումներն են դիտարկում:

104 հազար 820 արցախցի էլ հոտեմբերին օգտվել է բնակվարձերի ու կոմունալ վճարների աջակցության ծրագրից. նոյեմբերին շահառուների մի մասին են վճարել, մյուսները շուտով կստանան և արդեն կսկսվեն դեկտեմբերի վճարումները. 6000 շահառու նոյմբերից արդեն բնակվարձերի աջակցությունը չի ստանա, որովհետև կառավարության մշակած ֆիլտրերով այս ծրագրի շահառու չէ:

Ինչ վերաբերում է կենսաթոշակին ու մյուս վճարներին, նախարարության ներկայացուցչի փոխանցմամբ, արցախցի թոշակառուներն այսուհետ կարող են դիմումներն առցանց լրացնել. այս եղանակով դիմելու դեպքում կենսաթոշակները կվերականգնվեն հնարավորինս սեղմ ժամկետում`Հայաստանում հաշվառվելու և իրենց կեսաթոշակը վերականգնելու համար:

Արցախցիների կենսաթոշակը Հայաստանի օրենսդրությամբ է հաշվարկվելու. գումարի չափի փոփոխություն կլինի, թե որքան՝  կախված է աշխատանքային փորձից ու մի շարք այլ հանգամանքներից: Հիմնական կենսաթոշակի ու մեկ տարվա ստաժի գնահատման արժեքները Հայաստանում ու Արցախում տարբերվել են:

Նորություններ