Ծանրորդները նախապատրաստվում են ԱԱ-ին. Հայաստանի թիմի նախնական հայտացուցակը
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները սկսել են ուսումնամարզական հավաքները՝ նախապատրաստվելով դեկտեմբերին Բահրեյնում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Տղամարդկանց հավաքականը Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքն անցկացնում է Երևանում՝ Օլիմպավանում, իսկ կանանց թիմի անդամներն Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ մարզվում են Գյումրիում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ կայքը:
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայանալիք ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 6-15 –ը:
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Հայաստանի տղամարդկանց թիմի նախնական հայտացուցակում ընդգրկվել են Գառնիկ Չոլակյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (երկուսն էլ 96 կգ), Արա Աղանյանը (102 կգ), Գարիկ Կարապետյանը, Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ +109 կգ): Կանանց թիմում ընդգրկված կլինեն Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Լիանա Գյուրջյանը և Տաթև Հակոբյանը (երկուսն էլ՝ 87 կգ):