Հարկ վճարողներին հերոս-հերոս ասելով՝ հարկային տեռորի են ենթարկում. ԱԺ պատգամավոր
«Հարկ վճարողներին ընդամենը շողոքորթում է կառավարությունը՝ հերոս ասելով: Հերոս-հերոս ասելով՝ հարկային տեռորի են ենթարկում, հարկ վճարողներին կանչում են իրենց կաբինետները և օրենքից դուրս պահանջներ ներկայացնում»: Նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Պատգամավորը պնդում է՝ իրեն բազմաթիվ քաղաքացիներ դիմել են, ահազանգել հարկային տեռորի մասին:
«Իրենց սրտի օլիգարխների ախորժակը ուտելիս բացվում է, գերշահույթ են ստանում, հարկեր չեն վճարում, տնտեսությունը գնալով վատանում է, իրենք էլ փորձում են քերթել փոքր ու միջին բիզնեսից: Հռչակում են հերոս, որ մեղմեն իրենք արարքը: Երիտասադներին հերոս ասելով տարան կոտորեցին, հիմա էլ հարկատուներին հերոսացնելով վաղը տանելու են սնանկացման»,- հայտարարեց Ավետիսյանը:
Նա իրատեսական չի համարում նաև 2025թ.-ի բյուջեով կանխատեսված 5.6 տոկոսանոց տնտեսական աճը:
«Իրենց բյուջեում այնքան ռիսկեր է գրված, որ եթե դրանց կեսն էլ իրականացվի, 5.6 տոկոսանոց տնտեսական աճն իրականություն չի դառնա: Նաև ակնհայտորեն մենք տեսնում ենք նվազման տեմպը, այս տարվա երկրորդ եռամսյակից սկսած գրեթե կրկնակի նվազել է աճի տեմպը, և եթե սա պահպանվի, ակնհայտ է՝ հաջորդ տարի նման ցուցանիշ հնարավոր չի լինի ապահովել»,-ընդգծեց պատգամավորը: