«Վարչապետի աշխատակազմի համար ամեն օր ՀՀ քաղաքացին վճարում է 166 հազար դոլար, նախագահի աշխատակազմին՝ 11 հազար դոլար»․պատգամավոր | Region

«Վարչապետի աշխատակազմի համար ամեն օր ՀՀ քաղաքացին վճարում է 166 հազար դոլար, նախագահի աշխատակազմին՝ 11 հազար դոլար»․պատգամավոր

Նոյեմբեր 14,2024 12:26

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը խորհրդարանում իր ելույթում նշեց՝ նախագահի աշխատակազմին բյուջեով հատակցվելու է 1 մլրդ 658 միլիոն դրամ. ունենք ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը, դաշնակահար, որը մեկ-մեկ շնորհավորական բացիկներ է գրում

«Սիրելի քաղաքացիներ, դուք ունեք ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը»,- այսօր խորհրդարանում 2025 թվականի  պետական բյուջեի մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցությունից Քրիստինե Վարդանյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում է։

«Մի քանի օր է՝ քննարկում ենք բյուջեն։ Շատ է խոսվում՝ իրական Հայաստան- պատմական Հայաստան։ Իրական Հայաստանի մասին խոսենք թվերով՝ 2025 թվականի պետական բյուջեով նախագահի աշխատակազմին հատկացվելու է 1 մլրդ 658 միլիոն դրամ, վարչապետի աշխատակազմին՝ 24 մլրդ 365 մլն դրամ։ Սա նշանակում է, որ դուք, սիրելի քաղաքացիներ, ունեք ամենաթանկ վարձատրվող մշակույթի գործիչը, դաշնակահար, որը մեկ-մեկ շնորհավորական բացիկներ է գրում ու իր համար ամեն օր ՀՀ քաղաքացին վճարում է 11 հազար դոլար, որ այդ մարդը գնա նկարվի հուղարկավորություններին ու շնորհավորական բացիկներ գնի»,-ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով վարչապետի աշխատակազմին հատկացվող բյուջեին, պատգամավորն ասաց՝ վարչապետի աշխատակազմի համար ամեն օր ՀՀ քաղաքացին վճարում է 166 հազար դոլար․«Ու սա այն համատեքստում է հետաքրիր, որ 2018-ին համատեղ նախագահի և վարչապետի ինստիտուտների բյուջեն 8 միլիարդի կարգի է եղել։ Այսինքն, չորս անգամ ավելացրել է։ Այն ուժը, որը երկու նախարարություն է փակել՝ աշխարհում ամենամեծ սփյուռք ունեցող ազգի սփյուռքի նախարարությունն ու ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտը՝ գյուղատնտեսության նախարարությունը՝ օպտիմալացման նպատակով»։

Իրական Հայաստանը Վարդանյանը պատկերավոր ներկայացրեց․«Զբոսանք կատարենք իրական Հայաստանի իրական մայրաքաղաքով։ Եթե Երևանում բնակվող ՀՀ քաղաքացին առավոտյան լսել է կառավարության նիստը, հասկացել, որ իր գույքահարկը թանկանալու է, հասկացել է, որ  այսուհետ տրանսպորտի տոմս առնելու համար պիտի նույնականացում անի, մի  մասնավոր ընկերությանը իր բոլոր տվյալները տա, տրանսպորտի գինը թանկացելէ, դեպրեսիայից ուզում է դուրս գա մայրաքաղաքում զբոսնելու։ Ու հանկարծ այդ օրն է անձրև է եկել, դուրս է գալիս, ջրհեղեղի մեջ է ընկնում, չի հասկանում ոնց շրջանցի ջրափոսերով լցված տարածքները։ Քայլում է հրապարակից Հյուսիսային պողոտա ու եթե  հանկարծ այդտեղ տեսնում է մոտ տասը թիկնապահների, որոնք տարօրինակ իրեն են նայում, էդ մարդուն պիտի պարզ լինի, որ էդ սրճարանում Խաչատուր Սուքիասյանն է նստած։  Հետո բարձրանում է Կասկադի կողմերը ու էլի տասը մարդ իրեն են նայում, պարզվում է Ալեն Սիմոնյանն էլ է այդ ժամանակ զբոսանքի ելել։ ԶԶված էս մարդն ասում է՝ կենտրոնից փախնեմ, բարձանում է համալիրի կողմերը՝ մի տասը ավտո երեսուն թիկնապահ վրեն են գալիս՝ Աննա Հակոբյանը ընթրիքի է։ Էլ չի էլ ուզում մայրաքաղաքում զբոսնի, գնում է Սևանի կողմերը, մեքենան կանգնացնում են մի կես ժամ։ Ի՞նչ է եղել, Նիկոլ Փաշինյանը հեծանիվ է քշում։ Այս դեմքն ունի իրական Հայաստանը։ Այս պատկերի մեջ այս մարդը ստիպված է ապրել, իր եկամուտները չեն ավելանում, բայց երևի ապահով է զգում այդքան թիկնապահներով»։

Վարդանյանն անդրադառնալով կոռուպցիային, հիշեցրեց՝ տարիներ առաջ կառավարությունը ազգային ավիափոխադրող ստեղծեց, բյուջեից հսկայական միջոցներ տրամադրեց, բայց տապալեցին ծրագիրը․«Փաշինյանն ասում է՝  չարդարացրեց, վատ տնտեսական պայմաններ էին, փակեցինք։ Սա այն պայմաններոմ, երբ իշխող ուժի պատգամավորին (նկատի ունի Խաչատուր Սուքիասյանին, խմբ․ ) պատկանող նույն ավիաընեկերությունը գեշահույթներ է ստանում»։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող «Իրիգեյթ» ընկերության հետ կապված բացահայտումները, նշելով՝  2011-ից այս ընկերությունը աշխատել է, կապալառու է, Ավինյանը 2018-ից հետո պետական բարձր պաշտոն ստանալուց հետո ընկերության կառավարումը պատվիրակել է հորը։ Նա նշեց ,որ մինչև իշխանության գալն այդ ընկերությունը քիչ հարկ է վճարել, հետո վճարած հարկերը կտրուկ աճել են։ Սա նշանակում է, որ ընկերության գործերը լավացել են։

ՍիվիլՆեթի և OCCRP-ի «Իրիգեյթ»-ի վերաբերյալ բացահայտումները, ըստ որի, ընկերությունը անուղղակի օգուտներ է ստացել գյուղատնտեսական պետական ծրագրերից, կարդացեք   հղումով։

«Շնորհավորում եմ դուք բացահայտել եք բացառիկ ձեռնարկատիրական ջիղ։ Սա է իրական Հայաստանի դեմքը»,-ասաց Վարդանյանը։

Նա նաև նշեց, որ վերջին տարիներին աճել են հանցագործության թվերը, այդ թվում՝ թմրամիջոցների հետ կապված։ Նշեց, որ որքան էլ իշխանությունը պնդի, թե երկրում քաղբանտարկյալներ չկան, վերջին չորս տարում 200 անձ է կալանավորվել, ովքեր քաղաքական թիմի անդամ են եղել կամ մասնակցել են քաղաքական գործընթացներին։

«Իրականում միակ քննարկման առարկան պետք է լինի՝ արդյոք Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են սպառնալիք ներկայացնել, թե՝ ոչ, և ինչ ենք անում մենք այդ սպառնալիքին դիմագրավելու համար»։

Նորություններ