Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ․Փաշինյան | Region

Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ․Փաշինյան

Նոյեմբեր 14,2024 17:59

Այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով իրական և պատմական Հայաստան թեզին, ասաց՝ երբ մենք Դիլիջանում ապրում ենք, ասում ենք՝ ես վանեցի եմ, մենք Դիլիջանը կորցնում ենք, միջանցք ենք բացում, որ ասեն՝ էդտեղ բնիկ մարդ չկա, դրանք ստեղից, ընդեղից եկած են, ասեն՝ սա հին թուրքական քաղաք է, սա էլ հին ադրբեջանական քաղաք է

Այսօր խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ իրական և պատմական Հայաստան իր թեզը քննադատողներին։

«Հայաստանում  մի հատ այսպիսի երևույթ կա, ու դա մոդա է, ջահել տղա է, 30 տարեկան, խոսում ես հետը, ասում է՝ դե ես սասունցի եմ: Օքեյ։ Գնում ես ուրիշ տեղ, այն մեկն ասում է՝ ես մշեցի եմ, հինգերորդը ասում է՝ դե ես վանեցի եմ, յոթերորդը ասում է՝ դե ես խոյեցի եմ, ութերորդը ասում է՝ դե ես իգդիրցի եմ։ Շատ լավ հասկանում եմ, բայց ժողովուրդ, ես ուզում եմ հասկանամ, բա դիլիջանցին ո՞վ է այս երկրում, բա երևանցին ո՞վ է, աշտարակցին ո՞վ է այս երկրում։ Ես դեմ չեմ դրան,  բայց հասկանո՞ւմ եք, որ մենք ասելով․․․ ամենայն հարգանքով խագումանաբությունը, հիմա ուզենամ էլ,  չեմ կարող ոչ մշեցի լինեմ, ոչ էլ վանեցի, որովհետև ես իջևանցի եմ, հայաստանցի եմ, Իջևանից եմ: Ես էլ եմ ուզում․․․ բայց ես հենց «ապազգային տարր» եմ։  Ենոքավանից այն կողմ չեմ կարողանում գնամ, ինչքան արխիվները քանդում եմ, ասում եմ մի հատ տենց էջ էլ ինձ համար բացեմ, չէ»։

Փաշինյանի այս խոսքերը բավականին զվարճացրեցին պատգամավորներին, դահլիճում նստածները ծիծաղեցին Փաշինյանի վերջին խոսքերից հետո։

Փաշինյանը շարունակելով ասաց՝մենք չենք հասկանում մի պարզ բան, որ երբ  մենք Դիլիջանում ապրում ենք, ասում ենք՝ ես վանեցի եմ, մենք Դիլիջանը կորցնում ենք․«Մենք միջանցք ենք բացում, որ ասեն՝ արա, էդտեղ բնիկ մարդ չկա, դրանք ստեղից, ընդեղից  եկած են, ասեն՝ սա հին թուրքական քաղաք է, սա էլ հին ադրբեջանական քաղաք է։  Եվ մենք կորցնում ենք մեր պետությունը, մենք կորցրել ենք մեր պետությունը»։

Ապա անդրադարձավ Անկախության հռչակագրին․«Վերջին տարիներին ես տասնյակ անգամներով կարդացել եմ մեր Անկախության հռչակագիրը և եկել եմ մի հատ սարսափելի եզրակացության՝ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող գոյություն ունենալ։ Եվ սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է։ Եվ հիմա հարցը, թե ո՞վ է իրական Հայաստանը և որն է իրական Հայաստանը, հետևյալն է՝ իրական Հայաստանի քաղաքացին նա է, ով այստեղից դուրս հայրենիք ու պետություն չի փնտրում, որովհետև ինքը  փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել, փնտրել է և գտել է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»։ Այս վերջին խոսքերի ժամանակ Փաշինյանն ամբիոնից կրկին ցուցադրեց Հայաստանի ոսկեգույն  քարետեզը, որ ասուլիսին , կառավարության նիստերում ու խորհրդարանում ցուցադրում էր։

 

Նորություններ