ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել. ՀՀ ԱԳՆ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ՀԱՊԿ անդամ երկրների՝ ՌԴ-ում հավատարմագրված դեսպանների հանդիպմանը, որին մասնակցել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։
«ՀԱՊԿ-ի աշխատանքներին մասնակցությունը սառեցնելու մասով ՀՀ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Բադալյանը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 13-ին հանդիպել է Ռուսաստանում ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։
Հայաստանը վերջին շրջանում բոյկոտում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում անցկացվող միջոցառումները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նա նշել էր, որ ՀԱՊԿ-ն չի կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, ինչն առանց հետևանքների չէր կարող մնալ։