Գավառ համայնքի հին խնդիրներն ու նոր ծրագրերը
Գավառ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված են Գավառ քաղաքը և 11 այլ բնակավայրեր՝ Բերդկունքը, Սարուխանը, Նորատուսը, Գանձակը, Հայրավանքը, Ծովազարդը, Գեղարքունիքը, Կարմիրգյուղը, Լանջաղբյուրը, Լճափը և Ծաղկաշենը: Համայնքն ունի շուրջ 30.000 բնակչություն:
Գավառցիները հայտնի են իրենց հյուրընկալությամբ: Համայնքի գյուղական բնակավայրերում բնակչությունը զբաղված է հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ: Այս ոլորտներում խնդիրները շատ են, որոնց շուրջ բնակիչներն իրենց մտահոգություններ են հայտնել:
Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի խոսքով՝ սուբվենցիոն և այլ ծրագրերով զգալի աշխատանքներ են տարվել, տարբեր բնակավայրերում լուսավորության ցանց է անցկացվել, ասֆալտապատվել են փողոցներ, նաև ջրագծերի, նախակրթարանների, բուժկետերի կառուցման աշխատանքներ են տարվել:
Տարածաշրջանում հայտնի պատմա-մշակութային հուշարձաններ կան, և ենթակառուցվածքների արդիականացումը կարող է նպաստել նաև զբոսաշրջության զարգացմանը:
Ամենացավոտ խնդիրը, որը բնորոշ է մարզի գրեթե բոլոր համայնքներին, գործազրկության բարձր ցուցանիշն է և արտաքին ու ներքին միգրացիան: