COP29. ստի օրերը շարունակվում են. բողոքի ցույցեր «Ադրբեջանի բռնապետություն» կարգախոսով
Բաքվում շարունակվում է կլիմայի պաշտպանությանը նվիրված COP29 համաժողովը։ Նոյեմբերի 15-ին COP29-ի տարածքում տարբեր երկրների էկոակտիվիստները պարբերաբար ակցիաներ են անցկացրել։ Ակցիայի մասնակիցները կոչ են արել կլիմայական համաժողովում ընդունել որոշումներ, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը, կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման ավելացմանը, բնական աղետների հետևանքների վերացմանն ուղղված միջոցների հատկացմանը, ինչպես նաև դրանց իրականացմանը:
Report.az-ը հաղորդում է, որ կեսօրին մի քանի ակտիվիստներ Կանաչ գոտում խախտել են վարքագծի կանոնները. այն տարածքում, որտեղ տեղի է ունենում COP29 կլիմայական համաժողովը։ Ակտիվիստները հեռացվել են տարածքից։
Այնուամենայնիվ, Թուրալ Սադիգլին ավելի մանրամասն է խոսել այս ակցիայի մասին և տեսանյութ է ներկայացրել YouTube-ի իր «Azad söz» ալիքում: Ըստ նրա, կենդանիների իրավունքների պաշտպան Քյամրան Մամեդլին Բաքվում ցույց է անցկացրել COP29-ի շրջանակում: Նա պաստառ է պարզել «Դադարեցրեք գնդակահարել թափառող շներին» կարգախոսով, հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները փողոցներում կրակում են շների վրա։
Մամեդլին նաև նշել է, որ «Ադրբեջանում ամեն օր կրակում են փողոցային շների վրա, «Թոփլան» կենտրոնը սպանում է անթիվ շների, ադրբեջանական բռնապետությունը կրակում է փողոցներում շների վրա»։
Բացի այդ, Ադրբեջանում իսկապես գործում է շների խնամքի «Թոփլան» կենտրոնը, որը ղեկավարում է Ադրբեջանի նախագահի դուստր, Հեյդար Ալիևի հիմնադրամի փոխնախագահ Լեյլա Ալիևան։ Չնայած կենդանիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի և օգնության մասին պաշտոնական հայտարարություններին, շատ ակտիվիստներ նրան մեղադրում են կենդանիների սպանությանը նպաստելու մեջ։
Կենդանիների իրավունքների պաշտպան Քյամրան Մամեդլին հայտարարել է, որ ադրբեջանական բռնապետությունը սահմանափակում է խոսքի ազատությունը։ Քյամրանին դուրս են բերել Կանաչ գոտուց, ու հայտնի չէ, թե նրան ուր են տարել և արդյոք ձերբակալել են։ Նա ընդգծել է արդի խնդիրները միջազգային օրակարգ բերելու կարևորությունը, այնպիսի հարթակներում, ինչպիսին է COP29-ը:
Համաշխարհային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի տարբեր երկրներում կենդանիների կենսապայմանների ապահովմանը և ճնշում գործադրի կառավարությունների վրա՝ փոխելու նրանց քաղաքականությունն այս ոլորտում:
Զաբելա Ավագյան