Բաքվում ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի դեմ բողոքի ցույցեր են իրականացվել․ նա Բաքու էր այցելել COP29-ին մասնակցելու համար | Region

Բաքվում ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնեի դեմ բողոքի ցույցեր են իրականացվել․ նա Բաքու էր այցելել COP29-ին մասնակցելու համար

Նոյեմբեր 18,2024 13:15

ԱՄՆ կոնգրեսականին Բաքվում մեղադրում էին հայամետ լինելու և հայերի շահերը պաշտպանելու համար

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Էներգետիկայի և առևտրի հանձնաժողովի նախագահ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեի դեմ Բաքվում բողոքի ցույցեր են արել։

«Այս հանգստյան օրերին ես գտնվում եմ ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովին, որպեսզի աշխարհին ցույց տամ, որ ԱՄՆ-ն դեռ պայքարի մեջ է։ Մենք չենք հրաժարվելու մեր պարտականություններից կլիմայակական խորացող ճգնաժամի դեմ պայքարում»,- X միկրոբլոգում  գրել է Փալոնեն։

Մեկ այլ գրառմամբ էլ Փալոնեն նշել ՝ շատ կարևոր է, որ ԱՄՆ-ն մնա Փարիզի կլիմայի համաձայնագրում․«Եթե Թրամփը դուրս գա համաձայնագրից, նա կհրաժարվի ԱՄՆ-ի՝ կլիմայական առաջնորդի դերից։ Դա թույլ կտա մեր հակառակորդներին լրացնել դատարկ տեղը, որը մենք կթողնենք մեզանից հետ»։

Կոնգրեսականը Բաքվում միացել է ԱՄՆ պատվիրակությանը COP29-ում։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բաքվում COP29 գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել մամուլի երկու ասուլիս՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամների և սենատի ներկայացուցիչների հետ։ Ադրբեջանցի լրագրողները քննադատել են Ֆրենկ Փալոնին՝ դժգոհելով նրա՝ Հայաստանին ցուցաբերած աջակցությունից։ Սակայն Փալոնեն անտեսել է ադրբեջանական լրագրողների հետ հանդիպումները՝ նախընտրելով չշփվել նրանց հետ։

Նոյեմբերի 16-ին և 17-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բողոքի ցույցեր են իրականացրել Բաքվի Մարիոթ-Բուլվար հյուրանոցի դիմաց, որտեղ գտնվում էր ամերիկացի կոնգրեսականը։ Ցուցարարները մեղադրել են Փալոնեին հայկական շահերը պաշտպանելու համար, դժգոհություններ են հնչեցրել նրա՝ Բաքու այցի առնչությամբ, նաև դատապարտել են ՄԱԿ-ի կլիմայի գագաթնաժողովին ադրբեջանական կողմի հրավերը:

Ցուցարարները պահանջում էին իրավական պատասխանատվության ենթարկել Ֆրենկ Փալոնին, ով մի քանի անգամ այցելել է Արցախ, իբր ապօրինի հատել է Ադրբեջանի սահմանները և պատասխանատու է Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավների համար։

Մի խումբ ցուցարարներ հայտարարություն են տարածել, թե դիմել են իրավապահներին՝ բռնությունների և ստացած վանսվածքների մասին, որոնք իբրև թե  հասցվել են Ֆրենկ Փալոնեի թիկնապահների կողմից նշված բողոքի ցույցի ժամանակ։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆրենք Փալոնեն ճնշումների արդյունքում ժամանակից շուտ է լքել Բաքուն։ Սակայն Փալոնեն դեռ հայտարարությամբ հանդես չի եկել, և առայժմ հայտնի չէ՝ արդյոք ավարտվել էր նրա այցի ժամանակը, թե իսկսպե՞ս ճնշումների ներքո է մեկնել Բաքվից։

Պատարստեց՝ Զաբելա Ավագյանը

Նորություններ