Կրեմլը ՌԴ-ի տարածքին հեռահար հարվածներ թույլ տալու Բայդենի վարչակազմի մտադրությունը որակել է որպես «կրակի վրա յուղ լցնել»
Կրեմլը ներկայում չունի հավաստի տեղեկատվություն այն մասին, որ արևմտյան դաշնակիցներն Ուկրաինային թույլ են տվել հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք Կրեմլը հաստատում ունի, որ նման թույլտվություն իսկապես տրվել է։
«Առայժմ կան հրապարակումներ արևմտյան լրատվամիջոցներում, բայց ակնհայտ է, որ Վաշինգտոնի հեռացող վարչակազմը մտադիր է քայլեր ձեռնարկել (ըստ էության, նրանք խոսել են այս մասին), որպեսզի շարունակի կրակի վրա յուղ լցնել և շարունակի հրահրել լարվածության սրումն այս հակամարտության շուրջ», – Պեսկովի խոսքերն է մեջբերել ՌԲԿ-ի թղթակիցը։
Լրագրողների հետ զրույցում Պեսկովը նաև հայտնել էր, որ եթե իսկապես ԱՄՆ-ն թույլ է տվել Ուկրաինային հարվածել Ռուսաստանի խորքերը, ապա դա կհանգեցնի լարվածության նոր շրջափուլի և Ուկրաինայում ընթացող հակամարտությունում ԱՄՆ-ի ներգրավվածության նոր մակարդակի։
Ամերիկյան բազմաթիվ լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրներին, հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արտոնել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար: