«Մենք տեղյակ չենք, թե ինչից է դժգոհ Փաշինյանը։ Նա նույնիսկ դժգոհություն չի հայտնել Ալեն Սիմոնյանի՝ մարդու վրա թքելուց»․իրավապաշտպան | Region

«Մենք տեղյակ չենք, թե ինչից է դժգոհ Փաշինյանը։ Նա նույնիսկ դժգոհություն չի հայտնել Ալեն Սիմոնյանի՝ մարդու վրա թքելուց»․իրավապաշտպան

Նոյեմբեր 18,2024 17:06

 Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտնյաների հրաժարականների մասին ասում է՝ Փաշինյանի դժգոհությունից տեղյակ չեն նաև խորին շնորհակալությամբ հեռացողները։ Առաջիկայում սպասեք հեռացողների մեծարմանն ու նոր կարգավիճակներին։

«Փաշինյանի խնդրանքով պաշտոններից հեռացան իրեն ամենահավատարիմ մարդիկ»,-այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն՝ անդրադառնալով բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների «գիշերային» հրաժարականներին։

Ժաննա Անդրեասյանը գրում է․«Հրապարակային դժգոհություն, անգամ քննադատություն նրանցից որևէ մեկի հասցեին չի հնչել։ Վերջին, այսպես կոչված, «դժգոհոհությունը», (նկատի կառավարության վերջին նիստը, որտեղ Փաշինյանը հայտարարել է՝ համբերության բաժակս լցվել է, խմբ․) նույնպես անհասցե էր, ընդհանուր իրավապահ համակարգին էր առնչվում։ Հենց այնպես ասված դժգոհություն, միակ տպավորիչ խոսքը քյասիբի ռադիոն էր։ Մենք տեղյակ չենք, թե ինչից է դժգոհ Փաշինյանը։ Նա նույնիսկ դժգոհություն չի հայտնել Ալեն Սիմոնյանի՝ մարդու վրա թքելուց։ Որքան հասկանում եմ, Փաշինյանի դժգոհությունից տեղյակ չեն նաև խորին շնորհակալությամբ հեռացողները։ Օրինակ, Քյարամյանը հեռանում է հպարտությամբ, տեղյակ էլ չի, որ իրենից դժգոհ են՝ «Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հեռանում եմ նույնպիսի ներքին հպարտությամբ ու ներդաշնակությամբ, ինչպես ստանձնել եմ այն ու աշխատել»։ Այնպես որ առաջիկայում սպասեք հեռացողների մեծարմանն ու նոր կարգավիճակներին»։

Հիշեցնենք, որ հրաժարականների դիմումներ են ներկայացրել  ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես պաշտոնից ազատվելու մասին դիմում է գրել։

«Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,-այսօր ֆեյսբուքում հրաժարականների լուրը հաստատելով գրել է Փաշինյանը։

Նորություններ