Անհասկանալի պատճառով մեր թիմի մարզիկները զրկվեցին Երևանում կայանալիք ԱԱ-ին մասնակցելուց․ Ամոյան
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը անցկացվելիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությանը, որին մասնակցության հայտ է ներկայացրել 40 երկիր, այդ թվում՝ Թուրքիան, Հայաստանը չի մասնակցի իր ուժեղագույն կազմով։
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը Instagram-ի իր էջում հրապարակում է կատարել․ «Անհայտ և մեզ համար անհասկանալի պատճառներով մեր թիմի որոշ մարզիկներ զրկվել են Երևանում կայանալիք Բանակայինների Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունից։ Միշտ պատրաստ ենք եղել բարձր պահելու մեր երկրի պատիվը։ Մեր թիմը պատրաստ էր մասնակցել Երևանում կայանալիք Բանակայինների Աշխարհի առաջնությանը։ Նման վերաբերմունքը ցավալի ազդեցություն ունի մեր թիմի վրա»։
Armlur․am-ը գրել է, որ բացի Ամոյանից, առաջնությանը թույլ չեն տվել մասնակցել Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանին, Եվրոպայի չեմպիոններ Արման Անդրեասյանին և Վազգեն Թևանյանին, աշխարհի երիտասարդների չեմպիոն Վիգեն Նազարյանին, բանակայինների աշխարհի չեմպիոն Գևորգ Թադևոսյանին, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանին, Եվրոպայի երիտասարդների մրցանակակիր Կնյազ Իբոյանին։ Արդյունքում, Հայաստանը տվյալ առաջնությունում ներկայացնելու են յուրաքանչյուր քաշի «երրորդ համարները», այլ ոչ չեմպիոնները։ Մինչդեռ Թուրքիան առաջնությանը մասնակցելու է բավականին տպավորիչ կազմով, իր այսպես կոչված «առաջին համարներով»՝ հավաքականում ունենալով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, ինչը վերոնշյալ հայ ըմբշամարտիկների բացակայության պայմաններում, երաշխավորելու է նրանց հաղթանակը։