15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
Քարահունջեցի 15-ամյա Ա.Մ.-ի ինքնազգացողությունը վատացել է էներգետիկ ըմպելիք խմելուց հետո։ REGIONSTV-ի տեղեկացմամբ՝ աղջնակը դասապրոցեսին վատ է զգացել, ուսուցիչներն արագ Շտապօգնության կայան են դիմել և նա տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։
5 երեխաների մայրը` Ժասմենը, արցունքն աչքերին դստեր կողքին նստած, պատմում է. «Ճիշտն ասած, ոչ հաճախ, բայց օգտագործում է այդ վատ ըմպելիքը։ Հազար անգամ խնդրել եմ, որ չխմի։ Երեկ երեկոյան խմելուց հետո, մի հատ էլ առավոտն է խմել` սոված փորին։ Դե հիմա խոստացել է, որ էլ չի օգտագործելու»։
Քարահունջի դպրոցի փոխտնօրեն Արմեն Մկրտչյանը նույնպես անհանգստացած է խնդրով։ «Մի քանի անգամ հարց եմ բարձրացրել, որ բուֆետի խնդիրը կարգավորվի։ Երեխաներն ուտել են ուզում, դուրս են գալիս դպրոցի դարպասներից, խանութից ինչ ուզում գնում են։ Եթե բուֆետի հարցը լուծվի, չենք թողնի ոչ մեկը դուրս գա, իսկ մեզ մոտ նման անառողջ ոչինչ չի վաճառվի։ Մենք մի քանի անգամ խոսել ենք երեխաների հետ, վաղն էլ ծնողների հետ ենք հանդիպելու, որ նորից հորդորենք՝ հետևեն երեխաների գնումներին»,-հայտնեց դպրոցի փոխտնօրենը։
Մի քանի օր առաջ նման խնդիր առաջացել էր նաև Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում։ Էներգետիկ ըմպելիք օգտագործած աշակերտը կրկին տեղափոխվել էր Գորիսի ԲԿ։
Դպրոցի տնօրենի ժ/պ Օլյա Ալեքսանյանի խոսքով` երեխաներն այն կամ տնից են բերում կամ գնում դպրոցի ճանապարհին։
«Ժամանակ առ ժամանակ դասղեկական ժամերին, ծնողական ժողովներին անձամբ գնում, մասնակցում եմ, հորդորում, որ ծնողները վերահսկողություն սահմանեն, իսկ երեխաների հետ քննարկում եմ էներգետիկ ըմպելիքի վնասակարության մասին։ Պետք է անընդհատ իրազեկվի, տեղեկացվի դրա վնասակարության մասին»,-նշեց Ալեքսանյանը։
Գորիսի ամենամեծ սուպերմարկետներից մեկից` «Արարատ»-ից պատասխանեցին REGIONSTV-ի հարցմանը՝ նշելով, որ էներգետիկ ըմպելիքների սպառման ծավալն անհամեմատ նվազել է։ Սուպերմարկետից տեղեկացրին նաև, որ թեև առաջվա համեմատ հիմա քիչ է վաճառվում, սակայն հիմնական սպառողները երեխաներն ու դեռահասներն են։
Իսկ Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցի տնօրեն Աշոտ Գևորգյանի խոսքով՝ իրենք բոլոր լծակներն օգտագործում են իրազեկման համար։
«Առողջ ապրելակերպի խմբակի դասաժամերին հատկապես փորձում ենք երեխաների մեջ առողջ սովորույթներ ձևավորել։ Էներգետիկ ըմպելիքի թեման էլ ենք ներառել։ Բայց միայն մեզանով հարց չի լուծվում։ Ծնողներն էլ պետք է հետամուտ լինեն, որ երեխաները զերծ մնան վատ սովորություններից»,-հայտարարեց դպրոցի տնօրենը։
Արևիկ Աբելյան