Փոքր թվացող, բայց չլուծվող խնդիրներն ու բնակիչների հիմնական մտահոգությունը Սևան և Գավառ համայնքներում
Սևան համայնքը ներառում է Սևան քաղաքը, Գագարին, Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Նորաշեն, Չկալովկա, Ծովագյուղ, Սեմյոնովկա գյուղերը: Նույնքան բնակավայր էլ կա Գավառ համայնքում:
Աշխարհագրական և բնակլիմայական դիրքից ելնելով՝ այդ համայնքներում հիմնականում զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ:
Սևան համայնքում բարեկարգման զգալի աշխատանքներ են տարվել: Այն զբոսաշրջային խաչմերուկ է համարվում, սակայն կոնկրետ Սևան քաղաքը հրապուրիչ չէ զբոսաշրջիկների համար. վերջիններս այստեղ չեն գտնում իրենց հարմար հյուրանոցներ, համապատասխան ենթակառուցվածքներ, հանգստի ու զվարճանքի վայրեր, և այդ պատճառով Սևանա լիճ և տեսարժան վայրեր այցելած մարդիկ շատ հաճախ շրջանցում են քաղաքը:
Փոքր թվացող, բայց չլուծվող խնդիրները Սևանի բնակիչները ստորադասում են, երբ խոսք է գնում զբաղվածության մասին: Նույնն է վիճակը նաև մարզկենտրոն Գավառում, որտեղ ևս աշխատատեղերի սակավության պատճառով արտաքին ու ներքին միգրացիայի բարձր ցուցանիշ կա: