Գիորգի Թումասյան. Աբխազիայում կհայտնվի նոր նախագահ, որը կներդնի օրենքներ Ռուսաստանի անեքսիայի քաղաքականության համար | Region

Գիորգի Թումասյան. Աբխազիայում կհայտնվի նոր նախագահ, որը կներդնի օրենքներ Ռուսաստանի անեքսիայի քաղաքականության համար

Նոյեմբեր 20,2024 23:50

Մասնագետի կարծիքով՝ Աբխազիայում Ռուսաստանը նոր հավակնորդ կգտնի այսպես կոչված նախագահի նոր պաշտոնի համար։ Ըստ այդմ, նոր ղեկավարը կիրականացնի Ռուսաստանի քաղաքականությունը։

Օրեր առաջ Աբխազիայում դժգոհությունների ալիք բարձրացավ։Բողոքի ցույցերի պատճառը օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին համաձայնագիրն է, որը ներկայացվել էր խորհրդարանի քննարկմանը։ Ռուսաստանի իշխանությունները փորձում են ակտիվորեն միջամտել Աբխազիայի գործերին՝ տնտեսական օգնության և ենթակառուցվածքների զարգացման պատրվակով։ Այնուամենայնիվ, այս «բարի» նպատակի տակ թաքնված է տարածաշրջանի եզակի բնական ռեսուրսները վերահսկելու և օգուտ քաղելու ցանկությունը: Եթե ​​համաձայնագիրն ընդունվեր, այն կերաշխավորեր ռուսական ներդրումները Աբխազիայի տնտեսությունում։

Դժգոհությունների տեղիք տված ռուս-աբխազական  համաձայնագիրը նախատեսում է՝1)  ռուս ներդրողները ութ տարով կազատվեն շինանյութերի և սարքավորումների ներմուծման մաքսատուրքերից, ինչպես նաև կազմակերպությունների գույքահարկից և շահութահարկից 8 տարի ժամկետով, 2) Ներդրողի համար ավելացված արժեքի հարկը կկազմի ընդամենը 5%` սովորական դրույքաչափի կեսը, 3) Աբխազիայի կառավարությունը պարտավոր է սույն համաձայնագրին ենթակա և առանձին ռեեստրում ընդգրկված ներդրողներին տրամադրել էներգետիկ հզորություններ, ինչպես նաև ինժեներական ցանցերին և հաղորդակցություններին միանալու արտոնյալ իրավունք, 4) Ներդրողն իրավունք ունի բանկում գրավադրել Աբխազիայի կառավարության կողմից տրամադրված հողը: Համապատասխանաբար, եթե ներդրողի հետ ինչ-որ պատահի, բանկը կարող է բռնագրավել պետական հողը։

Ինքնահռչակ Աբխազիայի քաղաքացիներին ամենից շատ անհանգստացնում է  հողի և ենթակառուցվածքների նկատմամբ օտարերկրացիների պահանջները, քանի որ երկրի գործող օրենսդրությունն արգելում է հողի վաճառքն օտարերկրացիներին։ Իսկ ընդդիմության աջակիցները մտավախություն ունեն, որ նախագծի իրականացումը կհանգեցնի բնակարանների գների բարձրացմանը, ինչպես նաև կվնասի փոքր ու միջին բիզնեսին։ Աբխազիայի խորհրդարանը համաձայնագիրը պետք է վավերացներ նոյեմբերի 15-ին, սակայն բողոքի ցույցերի պատճառով նիստը հետաձգվեց։

Քաղաքացիները գրավել էին  Ազգային ժողովի շենքը, ինչպես նաև նախագահականը, պահանջում էին նախագահի հրաժարականը։ Ցուցարարները փորձել են գրավել նաև տեղական հեռուստաընկերությունը, Ներքին գործերի նախարարության և Անվտանգության ծառայության շենքերը։ Աբխազիայում զանգվածային բողոքի ցույցերն ավարտվեցին  հերթական անգամ նախագահի հրաժարականով։ Նոյեմբերի 19-ին իշխանության և ընդդիմության միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նախագահ Ասլան Բժանիան պետք է հրաժարական տա, իսկ ընդդիմության կողմնակիցները հեռանան կառավարության շենքից։ Նույն օրը Աբխազիայի խորհրդարանն ընդունել է Բժանիայի հրաժարականը։

Մեկնաբանելով Աբխազիայում տիրող իրավիճակը՝ հասարակական գործիչ, միջազգային հարաբերությունների մասնագետ, Վրաստանի հայ համայնքի հարթակի նախագահ Գիորգի Թումասյանը  REGIONSTV-ին տված հարցազրույցում նշում է՝  Աբխազիայում քաղաքական ճգնաժամ է բռնկվել։

Նրա  խոսքով, Աբխազիայի հասարակությունն ուզում է  պահպանել Ռուսաստանից տնտեսական և ժողովրդագրական անկախությունը․ «Սակայն հասարակությանը գնալով ավելի քիչ է հաջողվում պահպանել անկախությունը, քանի որ Ռուսաստանն այնտեղ բռնակցման քաղաքականություն է վարում այնպես, ինչպես Վրաստանի մնացած 80%-ի նկատմամբ։ Ռուսաստանը փորձում է օկուպացնել այս տարածքը, իսկ արդեն 20% օկուպացված Աբխազիայում և Հարավային Օսիայիում վարում է անեքսիայի քաղաքականություն, փորձում է ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնել ժողովրդագրությունն ու տնտեսությունը։ Աբխազական հասարակությունը դիմադրում է դրան։ Ես վստահ եմ, որ այս դիմադրությունը ժամանակավոր է: Վաղ, թե ուշ Ռուսաստանը կկարողանա հասնել իր նպատակներին, իսկ Աբխազիայում այսպես կոչված առաջնորդներին փոխելը չի ​​փոխի իրավիճակը։ Ի վերջո, ոչինչ չի փոխվում, քանի որ Ռուսաստանին հավատարիմ մարդիկ դեռ գալիս են այսպես կոչված իշխանության»։

Թումասյանը համոզված է, որ խնդրի միակ երկարաժամկետ լուծումը՝ աբխազական հասարակության ինքնությունը պահպանելու համար, վրաց հասարակության հետ ինտեգրումն է Վրաստանի ընդհանուր պետության շրջանակներում և Եվրամիությանը․«Այս համատեքստում աբխազ բնակչության, աբխազական ծագումով մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները կպաշտպանվեն Եվրամիության առավելագույն չափանիշներին համապատասխան, այնպես, ինչպես   Վրաստանի մյուս բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատություններն են»։

Նշենք, որ նախագահ Բժանիայի հրաժարականից հետո, Աբխազիայի օրենսդրության համաձայն, արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն երեք ամսվա ընթացքում գործող նախագահի հրաժարականից հետո։

Թումասյանի խոսքով․«Այսպես, թե այնպես, Ռուսաստանը նոր հավակնորդ կգտնի այսպես կոչված նախագահի նոր պաշտոնի համար։ Ըստ այդմ, նոր ղեկավարը կիրականացնի Ռուսաստանի քաղաքականությունը և արդյունքում աստիճանաբար կսկսի իրականացնել այն օրենքները, որոնք անհրաժեշտ են Ռուսաստանին իր անեքսիայի քաղաքականության համար»։

Ինչ վերաբերում է Աբխազիայի զանգվածային ցույցերին արտաքին ուժերի ազդեցությանը, Գիորգի Թումասյանն ասում է՝ Աբխազիայի բողոքի ցույցերում օտար հետք չկա. «Դա տեղի բնակչության ցանկությունն է, նրանք հիանալի հասկանում են, թե ինչ սպառնալիքներ կան Ռուսաստանի անեքսիայի քաղաքականության հետևանքով, քանի որ կարող են կորցնել այն գերակայությունը, որը դեռևս պահպանվում է ժողովրդագրական և տնտեսական առումներով, բայց որը չկա քաղաքական և ռազմական ոլորտում։ Այստեղ Ռուսաստանն արդեն լիովին վերահսկում է իրավիճակը։ Եվ իհարկե, եթե Ռուսաստանին հաջողվի դա անել, Աբխազիան կբռնակցվի։ Ինչ վերաբերում է Հարավային Օսիային, ապա Ռուսաստանն այստեղ արդեն հասել է իր նպատակներին, և ամեն ինչ պատրաստ է անեքսիայի համար»։

Զաբելա Ավագյան

Նորություններ