2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Այս մասին որոշումը հրապարակված է edraft.am-ում:
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:
Սահմանվում է, որ՝
«1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.
2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով»:
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: