Հարցը բարձրացվել է Միրզոյան–Արաղչի զրույցի ժամանակ․ ԱԳՆ-ն՝ հայկական բեռնատարների մասին | Region

Հարցը բարձրացվել է Միրզոյան–Արաղչի զրույցի ժամանակ․ ԱԳՆ-ն՝ հայկական բեռնատարների մասին

Նոյեմբեր 26,2024 17:31

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը իրանական մաքսատանը արտասահմանյան համարանիշներով բեռնատարների համար դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման հարցը քննարկել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Sputnik Արմենիան ավելի վաղ գրել էր, որ հայկական բեռնատարների վարորդները փակել են դեպի «Ագարակ» անցակետ տանող ճանապարհը։ Գործող կանոնների համաձայն՝ հայկական բեռնատարները Իրան են մտնում դատարկ բաքերով, որոնք վերադարձին պետք է լիցքավորված լինեն։ Բայց վերջին օրերին մաքսատանը վառելիքի գինը կտրուկ բարձրացել է։

ԱԳՆ–ն հայտնում է, որ ԻԻՀ-ում վառելիքի գների բարձրացման հետևանքով ստեղծված իրադրության պատճառների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և առկա իրավիճակից ելքեր փնտրելու նպատակով ԱԳ նախարարությունը նախաձեռնել և շարունակում է քննարկումներն իրանական կողմի հետ’ ակնկալելով, որ իրավիճակը կկարգավորվի հնարավոր սեղմ ժամկետում:

«Տեղեկացնում ենք նաև, որ հարցը բարձրացվել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ»,- հայտնում է գերատեսչությունը։

Նշենք, որ ԱԳՆ ղեկավարների վերջին հեռախոսազրույցը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին։ X-ի իր էջում Միրզոյանը գրել էր, որ անդրադարձ է կատարվել օրակարգային թեմաների, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված համագործակցության այնպիսի ոլորտներում, որոնք հետագայում կարող են օգտակար լինել երկու երկրների քաղաքացիների համար։

Sputnik Արմենիայի տվյալներով՝ իրանական մաքսատան լցակայանում վերջին օրերին վառելիքի գինը հասել է 9 հազար դրամի (դեռ վերջերս 7500-7800 դրամ էր, իսկ դրանից առաջ՝ ավելի էժան)։ Մինչդեռ նույն իրանական վառելիքը սահմանի հայկական կողմում կարելի է ձեռք բերել 7300-7500 դրամով։

Նորություններ