Դեկտեմբերի 1-ից հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտություններին ավելանում են ևս մի քանիսը | Region

Դեկտեմբերի 1-ից հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտություններին ավելանում են ևս մի քանիսը

Նոյեմբեր 27,2024 13:51

 Պետական պատվերի շրջանակներում նախածննդյան հսկողության ընթացքում սահմանված ժամկետներում բոլոր հղիները կանցնեն հետազոտություններն` անկախ ցուցումների առկայությունից

 

Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Ըստ այդմ՝ 2024թ. դեկտեմբերի 1-ից նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտություններին ավելանում  են՝ 1) գլյուկոզի տոլերանտության պերoրալ թեստ,  2) թիրեոտրոպ հորմոնի որոշում, 3) Բ խմբի ստրեպտոկոկի որոշում:

Պետական պատվերի շրջանակներում նախածննդյան հսկողության ընթացքում սահմանված ժամկետներում բոլոր հղիները կանցնեն նշված հետազոտություններն` անկախ ցուցումների առկայությունից:

«Այս հետազոտություններով հայտնաբերվող շեղումները հաճախ անախտանիշ են, և բժիշկն առերեսվում է դրանց հետևանքների հետ, ուստի թիրախային խմբերի վաղ հայտնաբերումը կնպաստի հղիության և ծննդաբերության անհատական վարման պլանի մշակմանը, հղիության բարեհաջող ելքերի, անվտանգ ծննդաբերության և առողջ երեխաների ծնունդին:

Նախկինում այս հետազոտությունները պետական պատվերի շրջանակներում չէին իրականացվում կամ իրականացվում էին միայն ցուցումների դեպքում»,-նշված է  նախարարության հայտարարությունում:

Ըստ գերատեսչության՝ հաշվի առնելով ժամանակակից բժշկագիտության, միջազգային մասնագիտական ասոցիացիաների ուղեցույցները` այդ հետազոտությունները ներառվել են հղիների նախածննդյան հսկողության պետական պատվերի շրջանակներում իրականացվող պարտադիր հետազոտությունների ծավալում։

Առողջապահության նախարարությունը վստահեցնում է՝ այս փոփոխությունը կնպաստի նաև վերարտադրողական կորուստների նվազեցմանը, այդ թվում՝ վիժումների, պտղի ներարգանդային մահվան դեպքերի (մեռելածնության) կանխարգելմանը և նորածնային մահացության նվազեցմանը։

Նորություններ