«Մեզ սիրող, չսիրող, համախոհ, ոչ համախոհ, բոլոր գյումրեցիները կկարողանան իրենց կարծիքը արտահայտել»․ՔՊ-ականը՝ Գյումրիի քաղաքապետի ԺՊ նշանակելու մասին | Region

«Մեզ սիրող, չսիրող, համախոհ, ոչ համախոհ, բոլոր գյումրեցիները կկարողանան իրենց կարծիքը արտահայտել»․ՔՊ-ականը՝ Գյումրիի քաղաքապետի ԺՊ նշանակելու մասին

Նոյեմբեր 27,2024 14:44

ՔՊ վարչության փոխնախագահը վստահեցնում է՝ՔՊ-ն չի խոսափում Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելուց ու նշում՝ դա լինելու է այն ժամանակ, երբ մեր ընտրական օրենսգիրքը և ընդհանրապես մեր իրավական կարգերը իրենց կանոններով և տրամաբանությամբ թույլ են տալու

Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության գործընթացի մասին Փաշինյանի երեկվա հայտարարությունը հարցեր է առաջացրել։

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ՔՊ վարչության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը փորձեց պարզաբանել գործընթացը․«Գյումրիում մի իրավիճակ է առաջացել, ցավոք, մեր օրենսդրությունը ոչ բոլոր հարցերին և ոչ բոլոր իրավիճակներին է պատասխանում, ու ստիպված ենք նորից նշանակել քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ընդ որում, դեռ պիտի մի այլ օրենսդրական փոփոխություն էլ արվի, որովհետև այդ հնարավորությունն էլ չկա: Եթե որևէ փոփոխություն չարվի, կստացվի, որ քաղաքը պետք է այդպես առանց կառավարելու մնա»:

Նրա խոսքով՝ այս համատեքստում պետք է ուղղակի վարչապետը նշանակի Գյումրիի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ու վարչապետն ունի նման բացարձակ լիազորություն․«Բայց մենք ուզում ենք նշանակենք այն մարդուն, ում գյումրեցիները կցանկանան տեսնել։ Այսինքն կուսակցականների կարծիքով չենք որոշում։ Մեզ սիրող, չսիրող, համախոհ, ոչ համախոհ, բոլոր գյումրեցիները կկարողանան և իրավունք կունենան իրենց կարծիքը արտահայտել»։

Պապոյանն ասաց, որ ընտրության մեխանիզմի մասին մանրամասներն առաջիկայում կներկայացնեն․«Գաղափարը հետևյալն է՝ կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար այն մարդը, ով կլինի համախոհության մեր պատկերացումների շրջանակում, բայց միևնույն ժամանակ այդ մարդը պետք է անցնի այդ ընտրական փուլով և լինի գյումրեցիների նախընտրելի»։

Հարցին՝ եթե տվյալ մարդը ՔՊ-ական չլինի, կամ ՔՊ-ի նախընտրելի թեկնածուն չլինի, արդյոք Փաշինյանը նրան կնշանակի՞ ԺՊ, Պապոյանը պատասխանեց․« Դուք հիմա հարցեր եք տալիս, որոնց պատասխանները․․․ ես գիտեմ, բայց տեխնիկական դետալներ կան, որոնք դեռ ճշգրտման մեջ են լինելու»:

Մեկ այլ հարցին՝  արդյոք այս նախնական ընտրությունն ու ԺՊ նշանակելը չի նշանակում, որ ՔՊ-ն խուսափում է Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելուց, Պապոյանն այսպես պատասխանեց․«Ոչ, չի նշանակում։ Գյումրիում մի իրավիճակ է ստեղծվել, երբ  հաղթած ուժը դրսևորել է անպատասխանատվություն գյումրեցիների և համայնքի նկատմամբ, և ստեղծված իրավիճակում այլ ելք չկա, գյումրեցիները պետք է նորից գնան ընտրական տեղամաս և ընտրեն հաջորդ հինգ տարիների համար իրենց ավագանին և իրենց համայնքի ղեկավարին: Սա լինելու է այն ժամանակ, երբ մեր ընտրական օրենսգիրքը և ընդհանրապես մեր իրավական կարգերը իրենց կանոններով և տրամաբանությամբ թույլ են տալու»:

Նորություններ