Արցախից բռնի տեղահանված 85 բնակիչ դեռ ապրում է Շիրակի մարզի պետական և համայնքային կառույցներում
Շիրակի մարզում այժմ բնակվում է Արցախից բռնի տեղահանված 3083 անձ: Տեղահանումից 1 տարի անց արցախցիների թիվը մարզում պակասել է ավելի քան 1000-ով: Բայց այն ընտանիքները, որոնք դեռ շարունակում են ապրել Շիրակի մարզում, իրենց ասելով, դեռ լիարժեք չեն հարմարվել կյանքի նոր պայմաններին:
«Հարևանիս տղային տեսանք, հարցրինք՝ ինչու՞ ես եկել պոստից: Ասավ՝ մեզ ասացին՝ բանակ չունենք, և վերջ»,-հուզված ու դողացող ձայնով պատմում է Ալբինա Զախարյանը։ 2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախի բնակչությունը բռնի տեղահանվում էր, Ալբինան ու ամուսինն էլ ստիպված լքեցին Ստեփանակերտը։ Բնակություն են հաստատել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի նախկին Ինֆեկցիոն հիվանդանոցի հիվանդասենյակներից մեկում։
Ասում է՝ իրենց ապագան անորոշ է․«Հիմա այստեղ ենք, բայց չգիտենք՝ ինչ կլինի, Աստված գիտի։ Թոշակառու ենք, յոլա ենք գնում, պետության աջակցությունն ու մեր թոշակները բավարար չեն։ Մեզ ուտելիք, շոր, վերմակ են բերել, բայց ինչքան էլ օգնություն լինի, այն միշտ չէ, որ հերիքում է»։
Նա 25 տարի աշխատել է Ստեփանակերտի կարի ֆաբրիկայում՝ որպես հաշվապահ։ Ասում է՝ 70-ն անց թոշակառու է, առողջական խնդիրներ ունի, հիմա ի վիճակի չէ աշխատել։
«Երբ Արցախում էինք ապրում, երբեք բժշկի չեմ գնացել, որովհետև բողոք չեմ ունեցել, բայց հիմա եկած-չեկած հիվանադանոցներում եմ»,-REGIONSTV-ի հետ զրույցում նեղսրտելով ասում է տիկին Ալբինան։
Հայաստանում Արցախից բռնի տեղահանվածների համար առողջապահական ծառայությունների դեպքում արտոնություններ են գործում, սակայն իրեն անհրաժեշտ հետազոտությունների դեպքում արտոնություն չի գործում։ Ասում է՝ պոլիկլինիկայում թեև անվճար են ստուգումները, բայց հնարավորությունները սահմանափակ են․« Գլխի տոմոգրաֆիա ենք կատարել, որի համար վճարել ենք 50․000 դրամ։ Այժմ, եթե անհրաժեշտություն լինի՝ նորից պետք է վճարել բուժումների համար»։
Ամսական 50 հազար դրամ պետական աջակցություն տիկին Ալբինան ու ամուսինը չեն ստանում, քանի որ անվճար են ապրում հիվանդանոցի նախկին հիվանդասենյակում, կոմունալ ծախսերի համար նույնպես չեն վճարում։
Սենյակում միայն երկու մահճակալ կա, զգեստապահարանն ինքն է պատվիրել, իսկ հեռուստացույցը երեխաներն են նվիրել։
Տիկին Ալբինան տեղյակ չէ բնակարանային ապահովության պետական ծրագրից, ասում է՝ երևի իրենցից ավելի վատ վիճակում ապրող մարդիկ կան, գուցե առաջնահերթությունը նրանց են տալիս։
Այս ծրագրով բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող աջակցության չափը՝ կախված բնակավայրից, 3-5 միլիոն դրամ է՝ յուրաքանչյուր անձի համար՝ անկախ տարիքից, բայց պետք է ՀՀ քաղաքացիություն ունենան։ Իսկապես, ծրագիրը առաջնահերթություն է սահմանում, չնայած այն բռնի տեղահանված մեր բոլոր հայերնակիցների համար է։ Առաջին փուլով կարող են դիմել 3 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածների ընտանիքները, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքները: Ինչպես նաեւ ընտանիքները՝ անկախ կազմից, եթե իրենք աջակցության չափի 50 տոկոսից ավելիի չափով կկարողանան հիփոթեքային գործարք կնքել բանկի հետ. այսինքն, եթե վճարունակ են:
Տիկին Ալբինան այս ծրագրի առաջնահերթությունում է, թե՝ ոչ, ոչ ոք տեղեկություն չի հայտնել, չնայած մարզպետարանի աշխատակիցն ամեն շաբաթ այցելում է նախկին հիվանդանոցում հաստատված արցախցիներին։
Տիկին Ալբինան ու ամուսինը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեն, ժամանակավոր են հաշվառված։
Ասում է՝ եթե ոչ մի առաջարկություն չլինի այլ տեղ տեղափոխվելու կամ վերադառնալու Արցախ, ապա նա պատրաստ է շարունակել ապրել այս նույն հասցեում։
Ամուսինները 3 դուստր ունեն, նրանք էլ իրենց ընտանիքների հետ Արցախից բռնի տեղահանվել են։ Հիմա Երևանում վարձով են ապրում։
Տիկին Ալբինան դառնությամբ է հիշում շրջաափակման օրերը, բայց չի ուզում դրանք պատմել, փոխարենը պատմում է, թե ինչեր են թողել Արցախում, ամբողջ կյանքի ընթացքում ստեղծածը՝ 4 սենյականոց բնակարան, 2 սենյականոց տուն` գյուղում, թանկարժեք մեքենան՝ ավտոտնակում եմ՝ ամուր փակելով դուռը։
Ասում է՝ Արցախում գրեթե բոլորը ապահովված էին, իր խոսքով՝ «թագավորական կյանքով» էին ապրում։
Կարոտով է հիշում Արցախը, ուզում է վերադառնալ՝ եթե մի փոքր հնարավորություն լինի․ «Եթե անգամ իմ տունը քանդած լինեն, եթե ոչինչ այլևս չլինի, մեկ ա կգնանք, նոր տուն կսարքենք ու կապրենք մեր ծննդավայրում, բայց, ցավոք, հույս չունեմ»։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի շենքում ապրում են հիմնականում առողջական խնդիրներ ունեցող, միայնակ, տարեց այն անձինք, որոնք նաև կենցաղավարման հետ կապված խնդիրներ ունեն: Արցախից բռնագաղթած ընտանիքները ոչ ամբողջական կազմով են այստեղ ապաստանել: Ընտանիքները կիսվել են, երիտասարդներ գրեթե չկան:
Նախկին հիվնադանցում հաստատված Ալբինայի և մյուս արցախցիների պատմությունը՝ տեսանյութում
Կարինե Կազարովա
Սյուզան Խառատյան