«Ողբերգություն չէ, պետական ծառայողի պաշտոնը հավերժ չէ»․ՔԿ նոր նախագահը՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին | Region

«Ողբերգություն չէ, պետական ծառայողի պաշտոնը հավերժ չէ»․ՔԿ նոր նախագահը՝ Արգիշտի Քյարամյանի հրաժարականի մասին

Նոյեմբեր 28,2024 15:35

Քննչական կոմիտեի նորանշանակ ղեկավար Արթուր Պողոսյանը հավաստիացնում է՝ ինքը ոչնչով կաշկանդված չէ, եթե անգամ քրեական գործերը վերաբերվեն «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության կամ իշխանության ներկայացուցիչներին

«Հավաստիացնում եմ, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ մի առնչություն չեմ ունեցել, իմ առաջնային խնդիրը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նորանշանակ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, որ նրա անունը կապվում է կոռուպցիոն երևույթների հետ:

Լրագրողների հարցին՝ ձեզ հետաքրքիր չէ՞, որ ձեր անձի շուրջ նման լուրեր կան, Պողոսյանը պատասխանեց․«Ոչ, ընդհանրապես։ Ինձ առաջին հերթին հետաքրքիր է իր գործառույթները պատշաճ կատարելը»:

Հարցին՝ ինչի՞ց էր դժգոհ Նիկոլ Փաշինյանը, որ ազատեց Արգիշտի Քյարամյանին և երբ իրեն նշանակել է, չի՞ ասել, ի՞նչն էր խնդիրը, Պողոսյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր պետական ծառայողի պաշտոնը երբևիցե հավերժ չէ, մի օր աշխատանքի ենք, պաշտոնավարում ենք և մի օր պետք է պատրաստ լինենք լքել այդ պաշտոնը: Դա ողբերգություն չէ»։

Լրագրողի դիտարկմանը՝ աշխատանքից ազատվում են պաշտոնյաներ ու մարդիկ չեն հասկանում՝ նրանք լավ են աշխատել, թե՝ վատ, թե՝ անձնական ամբիացիաների պատճառով, Պողոսյանը պատասխանեց․« Ես պատրաստ եմ ծառայել երկրին, այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը երկիրը, պետությունը և երկրի ղեկավարությունն ունի»։

Նա ասաց, որ աշխատանքը կգնահատվի լավ, թե վատ, դա հարաբերական է,  աշխատանքը գնահատելու է հանրությունը․« Ես ինքս իմ աշխատանքը երբեք չեմ գնահատելու, դա լինելու է տեսանելի և շոշափելի:  Այսինքն, եթե հանրության շրջանում այդ արդարության զգացողությունը չլինի, բնականաբար, ուրեմն խնդիր կա»:

Պատասխանելով հարցին՝ Քննչական կոմիտեում քաղաքացիների խոշտանգումների մասին ահազանգերին, այդ թվում՝ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանի օրոք, արդյոք այդ դեպքերն ուսումնասիրվելու են, Պողոսյանն ասաց՝ յուրաքանչյուր հուզող հարց, յուրաքանչյուր քրեական վարույթ, անկախ իր բնույթից, տեսակից, հնչեղությունից, բնականաբար Քննչական կոմիտեի նախագահի ուշադրության կենտրոնում է հայտնվելու և դա ունենալու է որևիցե տեսակի ավարտ․«Հիմա ես պատրաստ չեմ այսօր կոնկրետ քրեական վարույթներ քննարկել ձեզ հետ, մանավանդ այս իրավիճակում: Ցանկացած գործ, բնույթը նշանակություն չունի, կարող է լինի խոշտանգման հետ կապված քրեական վարույթ, կարող է լինի սովորական կենցաղային վեճ և այլն, դա բնականաբար այդ բոլոր քրեական վարույթներն էլ հայտնվելու է մեր ուշադրության դաշտում և քրեական վարույթներով բնականոն և արդյունավետ նախաքննության ապահովման պարտականությունը կրում եմ արդեն ես»:

Արթուր Պողոսյանը հավաստիացրեց, որ ինքը ոչնչով կաշկանդված չէ, եթե անգամ քրեական գործերը վերաբերվեն «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցության անդամներին: Հովիկ Աղազարյանի մասով գործ կա, որը հասել է քննչական կոմիտե, ասվում է, որ նա միջամտել է, նաև դա էր պատճառը, որ Քարամյանը դուրս եկավ, արդյոք այս մասին տեղեկություն ունի, Պողոսյանն ասաց՝ այդ գործառույթի հետ չեմ առնչվել, այդ գործի հետ չեմ առնչվել:

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ իր հարաբերությունների մասին էլ ՔԿ նախագահն ասաց՝ շատ նորմալ, բնական հարաբերություններ են․«Իմ և գլխավոր դատախազի հարաբերությունները կառուցողական և աշխատանքային հարաբերություններ են: Դուք ո՞նց եք պատկերացնում գլխավոր դատախազ և գլխավոր դատախազի տեղակալ հարաբերությունները ձեր նշած բնույթը կրեն: Այսօր որևիցե մեկը նեղ գերատեսչական շահով առաջնորդվելու իրավունք չունի։ Այսօր բոլորին առաջնորդելու է բացառապես պետական և հանրային շահը»:

 

Նորություններ