Հովիկ Աղազարյանը հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու, կարմիր գծերը հատելու պատճառով է հեռացվել ՔՊ շարքերից․Փաշինյան
Խորհրդարանում վարչապետն անդրադարձավ այն հայտարարությանը, ըստ որի Աղազարյանի հեռախոսի միջի տեղեկատվությունը հայտնվել է Փաշինյանի սեղանին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը Հովիկ Աղազարյանին սեփական շարքերից հեռացնելու որոշում է կայացրել՝ այդ թվում հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով, որը որպես կատարման թեզ ընդգծված է նաև ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքներում օրենքով: Այո, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ՝ քաղաքական, բարոյական և այլ լծակներ՝ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տված մանդատից զրկելու համար: Եվ ոչ մի պահ չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն այդ նպատակին հասնելու համար»,-այսօր խորհրդարանում հատարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երեկ ՔՊ վարչությունը որոշու կայացրեց Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։ Մինչ այս որոշումը Փաշինյանը Աղազարյանին խնդրել էր վայր դնել մանդատը, սակայն վերջինս մերժել էր Փաշինյանի խնդրանքը։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Աղազարյանն ասել է՝ «․․․իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի մեջից շատ նյութեր հայտնվել է վարչապետի մոտ», ակնարկելով, որ հնարավոր է, երբ իր հեռախոսը գտնվել է Քննչական կոմիտեում, այդտեղից էլ արտահոսք է եղել։
Այսօր Փաշինանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հերքել է Աղազարյանին․ «Պիտի հիասթափեցնեմ ձեզ, Հովիկ Աղազարյանի հեռախոսն իմ սեղանին չի հայտնվել եւ չէր էլ կարող հայտնվել։ Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից, եւ անկախ մարմինը բոլորովին ուրիշ գործով քննչական հանձնարարական է տվել մեկ այլ մարմնի, որն այնքան էլ անկախ չէ։ Եվ այդ քննչական հանձնարարականը կատարվելու ընթացքում հանդիպել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական սպառնալիքներ։ Բնականաբար, այդ պարագայում այդ մարմինը պարտավոր էր իր գործառույթների շրջանակում կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի տիրոջ հետ եւ պարտավոր էր զեկուցել իր վերադասին, տվյալ դեպքում՝ Հայաստանի վարչապետին»։
Փաշինյանի խոսքով՝ այդ տեղեկությունն ում հետ կիսվել է, կիսվել է օրենքի տառին, թուլտվություններին համապատասխան:
Նրա վստահեցմամբ՝ դրանից առաջ ինքը խորհրդակցել է բոլոր հնարավոր մարմինների հետ, որոնք իրավասու են գնահատական տալ այդ իրավիճակին:
Նշենք, որ ԱԺ «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել է, որ Հովիկ Աղազարյանը ներգրավված է եղել պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերում, և որ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող թեմաներով, որոնք ենթակա չէին հրապարակման, արտահոսքեր է կազմակերպել։