Հալեպը դանդաղ վերադառնում է կյանքի նորմալ հուն․ Reuters

Իսլամիստապստամբները հայտարարել են, որ իրենց կողմից քաղաքի վերահսկողությունը բնակիչներին վտանգի չի ենթարկի, նշվում է, որ քրիստոնյաները հիմնականում մնացել են քաղաքում, իսկ կիրակի օրը պատարագ են մատուցել, որին ներկա են եղել որոշ ապստամբներ
Իսլամիստ ապստամբների՝ Սիրայի երկրորդ խոշոր քաղաքը՝ Հալեպն անակնկալ գրավելուց մեկ շաբաթ անց քաղաքը դանդաղ վերադառնում է կյանքի նորմալ հուն։ Այս մասին գրում է Reuters-ը՝ տեսանյութով ցույց տալով իրավիճակը քաղաքում։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «գիշերվա պարետային ժամը չեղարկվել է, հացը վերադարձել է փռերի դարակաշարեր, բարելավվել է ինտերնետ ծածկույթը։
Այս միջոցներն, ինչպես գրում է Reuters-ը՝ հղում անելով վերլուծաբաններին, ապստամբների դաշինքի ջանքերի մի մասն են, որը գլխավորում է «Հայաթ ալ-Թահրիր ալ-Շամը»՝ HTS-ը (այն նախկինում Ալ-Քաիդայի մասնաճյուղ էր), սիրիացիներին և Արևմուտքին ցույց տալու համար, որ իրենք կենսունակ այլընտրանք են նախագահ Բաշար Ասադին։
Իսլամիստական HTS-ը ԱՄՆ-ի, Թուրքիայի և ՄԱԿ-ի կողմից դեռևս համարվում է ահաբեկչական խմբավորում։
Լրատմաիջոցը գրում է, որ ապստամբները հայտարարել են, որ իրենց կողմից քաղաքի վերահսկողությունը նրանց վտանգի չի ենթարկի՝ փորձելով հանգստացնել Հալեպի բնակիչներին, այդ թվում՝ փոքրամասնություններին, լրագրողներին և պետական ծառայողներին։ Նշվում է, որ քրիստոնյաները հիմնականում մնացել են քաղաքում, իսկ կիրակի օրը պատարագ են մատուցել, որին ներկա են եղել որոշ ապստամբներ։
«HTS-ը, որը 2016 թվականին դուրս է եկել «Ալ-Քաիդա»-ից ու պնդում է, որ ոչ մի վտանգ չի ներկայացնում Արևմուտքի համար, արդեն տիրապետում է հարակից Իդլիբ նահանգի տարածքներին, որտեղ հիմնել է «Փրկության կառավարություն» կոչվող քաղաքացիական վարչակազմը, որը վերջին հինգ տարիների մեծ մասը կառավարել է մոտ 3 միլիոն մարդ: Աստեղ նրանք ընտրել են նախարարների կաբինետներ, թուրքական լիրան դարձրել են օրինական վճարային միջոց, նունիսկ հեռահաղորդակցության ցանց են ստեղծել։ Այստեղ նրանք նույնիսկ խուսափել են շարիաթի օրենքների առավել ծայրահեղ մեկնաբանություններից»,-գրում է լրատվամիջոցը՝ հղում անելով Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծական կենտրոնին։
Հիշեցնենք, նոյեմբերի 27-ին «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորումը հարձակվել ու գրավել է Հալեպը, դեկտեմբերի 5-ին՝ նաև Հոմսը։