Շիրակի մարզպետն իրեն պաշտոնանկ անելու լուրերի մասին․«Եթե իմ ղեկավարը կորոշի, որ ես պետք է չաշխատեմ Շիրակի մարզպետի պաշտոնում, ուրեմն չեմ աշխատի»
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը տեղյակ չէ, որ իրեն հնարավոր է պաշտոնանկ անեն, ասում է՝ անկախ ամեն ինչից՝ երբ կլինի, ինչպես կլինի, ես թիմի մարդ եմ
«Ես այս պահին նման տեղեկատվություն չունեմ»,- այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ լրագրողների հետ ճոպազրույցում ասաց Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ նրան առաջիկայում պաշտոնանկ են անելու, իսկ նոր մարզպետ է նշանակվելու Դավիթ Առուշանյանը, որը երեկ արդեն հրաժարվել է պատգամավորի մանդատից:
Մարզպետը հերքեց լուրը, թե ինքը երեկ արդեն SMS է ստացել վարչապետից՝ հրաժարական ներկյացնելու մասին. «Ոչ, նման խոսակցություն չկա։ Եթե նման բան լինի, ես միանշանակ ձեզ տեղյակ կպահեմ, այս պահին որևիցե տեղեկատվության չեմ տիրապետում»։
Լրագրողի հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ ձեզ պաշտոննկ կանեն, Մուրադյանը պատասխանեց․«Ես իմ թիմի կողքին գտնվող մարդ եմ, անկախ ամեն ինչից՝ երբ կլինի, ինչպես կլինի, ես թիմի մարդ եմ: Եթե իմ ղեկավարը կորոշի, որ ես պետք է չաշխատեմ Շիրակի մարզպետի պաշտոնում, ուրեմն չեմ աշխատի, ինչի՞ մասին է խոսքը»: